Սոցհարցումներն Էրդողանի ու նրա կուսակցության համար մտահոգիչ արդյունքներ են արձանագրում
Թուրքիայում 2023-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ սկսել են ավելի հաճախ հրապարակել տարբեր սոցհարցումների արդյունքներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին հարցումների տվյալներն ամփոփել են թուրքական «Gezici» (Գեզիջի) և «BUPAR» (Բուփար) սոցիոլոգիական ընկերությունների ղեկավարներ Մուրաթ Գեզիջին և Էրդալ Աքալթունը: Այդ տվյալները ցուց են տալիս, որ ընտրողների շրջանում ավելի հաստատուն են դառնում տրամադրությունների որոշակի փոփոխությունները, որոնք ներկայում ընդդիմության օգտին են:
Ըստ «Գեզիջի» ընկերության հարցումների՝ ընտրությունների 2-րդ փուլ լինելու դեպքում այս պահին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 47.2%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին ձայն կտա հարցվածների 52.8%-ը:
Սոցիոլոգիական ընկերության ղեկավարի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցած եկամուտների կրճատումից, գնաճից ու գործազրկության ավելացումից հետո ժողովրդի 68.9%-ը կարծում է, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) արդեն չի կարողանում կառավարել երկիրը:
Ըստ Գեզիջիի՝ Էրդողանն էլ ժողովրդի շրջանում արդեն կորցրել է նախկինում ունեցած այնպիսի գործչի կերպարը, որը կարող է իրականացնել իր տված բոլոր խոստումները:
«BUPAR»-ի ղեկավար Էրդալ Աքալթուն էլ նմանատիպ կարծիք է հայտնել, ասելով, որ աղքատության տոկոսի աճի հետևանքով անհանգստություններ են առաջանում ապագայի վերաբերյալ, իսկ դրա լուծումը ժողովուրդն արդեն տեսնում է ԱԶԿ-ի հեռանալով:
Նրա խոսքով՝ առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի դեմ պայքարելու իրական հնարավորություններ ունեն Ստամբուլի ներկայիս ԺՀԿ-ական ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և նույն կուսակցությունից ընտրված Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը: