Կենդանաբանական այգին 2 փոխտնօրեն կունենա. Արման Անտոնյան

«Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր նոր պաշտոնակատար, ում հետ կայացավ կառավարման խորհրդի հերթական նիստը»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Արման Անտոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ նիստի օրակարգում են եղել բազմաթիվ հարցեր՝ առաջնային լուծում պահանջող խնդիրների՝  այգու կառուցվածքի փոփոխության, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման և այլ հարցեր:

«Ի դեպ, այգու նոր հաստիքացուցակը ներկայացվել է հաստատման՝ Երևանի քաղաքապետին: Ըստ նոր կառուցվածքի՝ այգին պետք է ունենա երկու փոխտնօրեն՝ մեկը՝ գիտական գծով: Որպես Երևանի կենդանաբանական այգու  կառավարման խորհրդի անդամ՝ շատ եմ կարևորում գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, թե ով պետք է  զբաղեցնի այգու մասնագիտական հարցերով հաստիքը: Շուտով կհայտարարվի մրցույթ՝  Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով  փոխտնօրենի թափուր հաստիքի համար: ՀՀ լավագույն մասնագետները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեսլականն ու զարգացման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ընտրել լավագույն թեկնածուին»,- նշեց ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը: Էդմոնդ Ղազարյանը 2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 2020թ. ապրիլի 22-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում»:

Հավելենք, որ Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն օրերս  սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Տեսանյութեր

Լրահոս