Միջոցառումները բավական չեն, և անհրաժեշտ են քաղաքական  քայլեր. ԱՆ ներկայացուցիչը՝ հանրային սննդի վայրերում աղ չօգտագործելու նախագծի մասին

«Հետազոտությունները վկայում են, որ երեխաների 50 տոկոսն ամեն օր քաղցրավենիք է օգտագործում: 30 տոկոսն ամեն օր չիպս է օգտագործում: Աղի շատ օգտագործումը կարող է տարբեր սրտանոթային հիվանդություններ առաջացնել: Քաղցրավենքի շատ օգտագործումը՝ շաքարային դիաբետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ հիվանդությունների 50 տոկոսը պայմանավորված է կենսակերպով, և առողջ սննդակարգն այդ գործոններից մեկն է:

«Այսօրվա դրությամբ 4 ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը պայմանավորված է այդ ռիսկի գործոններով. դա ծխախոտի, անառողջ սննդի, բարձր շաքար ունեցող սննդամթերքի օգտագործումն է, ալկոհոլի, աղի չարաշահումը»,- հավելեց Մարիամ Մնացականյանը:

168.am-ի դիտարկմանը՝ շատ քննարկվեց հանրային սննդի վայրերում աղ չօգտագործելու նախագիծը և, ի թիվս բազմաթիվ կարծիքների՝ կարևորվեց նախապես իրազեկում իրականացնելը, վատ և լավ կողմերի մասին խոսելը: Միգուցե սկզբում առողջապահության մարմիններն իրենց հանրային արշավնե՞րը կազմակերպեին, և հասնեին նրան, որ մարդը՝ իմանալով, որ շատ աղ օգտագործելը վնաս է առողջությանը, քիչ օգտագործի կամ ուղղակի չօգտագործի, ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչը պատասխանեց.

«Առողջապահության նախարարությունը մշտապես իրականացնում է իրազեկման աշխատանքներ: Հարցի կարևորությունը նոր չի առաջացել, այն կար մինչ այդ: Հետազոտությունները փաստում էին, որ Հայաստանում գրեթե 2 անգամ գերազանցում են աղի օգտագործման նորմայի վերևի շեմը: Բացի դա՝ մենք գիտենք, որ շատերն աղ ավելացնում են ուտելուց առաջ՝ նույնիսկ ուտելիքը չփորձած ժամանակ: ԱՆ կողմից նախագիծը որ դրվեց շրջանառության մեջ, նպատակն այն է, որ իրազեկեն, բնակչությունը տեղյակ լինի, որ նմանատիպ նախագիծ է առաջարկվում: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ  միջոցառումները բավական չեն, և անհրաժեշտ են քաղաքական  քայլեր»:

Հավելենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն ասել էր.  «Տնտեսվարողի գործունեությանն անհարկի միջամտություն է սա: Հանրային առողջությունը բարելավելու նպատակով է արվում, բայց կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլինի, որ Առողջապահութան նախարարությունը, Տեսչական մարմիններն առաջինն իրազեկման արշավ ծավալեն հասարակության շրջանում, խոսեն աղի շատ օգտագործման վնասակարության մասին, ներկայացնեն ինչ-որ վերլուծություններ, ոչ թե  բիզնեսի վրա նորից դնեն այդ տհաճ գործառույթը: Ո՞նց եք պատկերացնում, ոստիկանը մտնում է, մարդիկ հաց են ուտում կամ պետք է ուտեն, ուզում է ստուգել: Այսինքն, անգամ տեխնիկապես դա իրագործելը բավականին տաօրինակ է և անհարիր է հյուրընկալության միջավայրին: Ո՞նց են ստուգելու՝ ո՞ր րոպեին աղը դրվեց կամ չդրվեց: Բավականին տարօրինակ է, դրա համար այս խնդիրը բարձրաձայնելու ենք: Առողջապահության նախարարության հետ քննարկում կնախատեսենք: Հասնելու ենք նրան, որ նորմալ տարբերակ գտնվի: Միգուցե սկզբում առողջապահության մարմիններն իրենց հանրային արշավնե՞րը կազմակերպեն, և հասնեն նրան, որ մարդն իմանալով, որ շատ աղ օգտագործելը վնաս է առողջությանը՝ քիչ օգտագործի կամ ուղղակի չօգտագործի: Վարչական ձևով կարգավորելը՝ այս տարբերակով, կարծում եմ, որ սխալ է»:

Տեսանյութեր

Լրահոս