«Արևմուտքը Փաշինյանի մեջ անհրաժեշտ որակները չզգաց»․ Տրոֆիմչուկ

«Փաշինյանին այլևս կարելի է համարել զուտ ֆորմալ դեմք, որը չի կարող ազդել տարածաշրջանի կայունության վրա»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախակիացած արևմտյան շփումներին, սպասվելիք այցին Մոսկվա և մասամբ՝ Ղարաբաղյան հակամարտությանը։

Հարցին, թե տպավորություն կա, որ Հայաստանի իշխանությունները փոխում են արտաքին վեկտորը, սակայն Հայաստանում կարծիք կա, որ Հայաստանի համար Արևմուտքը նշանակում է վեկտոր դեպի Թուրքիա, արդյո՞ք դա այդպես է, վերլուծաբանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես զգացվում է, երկիրը ղեկավարելու հենց սկզբից պատրաստ էր փոխել երկրի ռուսամետ վեկտորն արևմտյանով:

Սակայն, ըստ նրա, նման կուրսի համար նրան շատ բան չբավականացրեց:

«Եվ առաջին հերթին՝ հզոր արևմտյան, ամերիկյան աջակցություն, քանի որ Արևմուտքում ինչ-որ պահի Փաշինյանի մեջ դրա համար անհրաժեշտ որակները չզգացին, այն է՝ Փաշինյանի պատրաստակամությունը՝ կտրուկ խզել Մոսկվայի հետ հարաբերությունները։ Թուրքիան և Արևմուտքը Հայաստանի համար բացարձակ միևնույնը չեն, քանի որ բոլորն են տեսնում առկա տարաձայնություններն Անկարայի և Վաշինգտոնի միջև։ Սակայն, դրա հետ մեկտեղ՝ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ եթե հանկարծ բոլորը եզրակացության հանգեն, որ ուկրաինական իրադարձություններից հետո Ռուսաստանը թուլացել է, ապա Անկարայի ու Վաշինգտոնի միջև տարաձայնություններ գրեթե չեն մնա։

Թուրքիան պարզապես դեռ շարունակում է հավասարակշռել ռուս-ամերիկյան հակասությունների սահմանում՝ փնտրելով օգուտ իր համար։ Եվ ինչ-որ մի պահի Հարավային Կովկասի էական հատվածը կարող է տրվել նրա վերահսկողությանը։ Եվ ոչ միայն Հարավային Կովկասի։ Թուրքիան հմտորեն ցուցադրում է իր տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, բայց որևէ մեկը մինչև վերջ չգիտի, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը։ Առավել ևս, որ ԵՄ-ին ածխաջրածինների այլընտրանքային մատակարարման թուրքական ուղին ԱՄՆ-ի և ԵՄ-ի առանցքային խնդիրներից է»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը։

Խոսելով առաջիկայում Փաշինյանի Մոսկվա այցի մասին՝ վերլուծաբանն ասաց, որ Փաշինյանն այցերով շատ հաճախ է լինում Մոսկվայում, և ընդհանուր առմամբ դա վատ չէ։ Սակայն Ղարաբաղի շուրջ չարագուշակ դադարը, նրա գնահատմամբ, ցավոք, դրանից ավելի հանգիստ չի թվում։

«Առավել ևս, որ իսկապես հայ հասարակության տարբեր շերտերի կողմից ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատությունները միայն շատանում են, և Փաշինյանը նույնիսկ ցանկության դեպքում չի կարող որևէ բան անել այս հարցում։

Նա այլևս ի վիճակի չէ վերահսկել հասարակական կարծիքը, ուստի կարելի է համարել զուտ ֆորմալ դեմք, որը չի կարող ազդել տարածաշրջանի կայունության վրա։

Վերջերս ադրբեջանական բանակի կողմից ղարաբաղյան բարձունքներում նոր դիրքերի գրավումը հուշում է, որ Բաքուն ուշադիր հետևում է ռուս-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը։ Բացի այդ, ադրբեջանական կողմից Հայաստանի «ապազգայնացման և ապառազմականացման» թեզի ընդունումը գործնականում չի հակադրվում, և Մոսկվան այստեղ որևէ բան չի կարող հակադրել։ Ընդհանրապես, հայերն իրենք պետք է հասկանան՝ ինչպես ամրապնդել սեփական անվտանգությունը՝ մի կողմ դնելով քննադատությունն ու Մոսկվային ուղղված հիստերիան»,- նկատեց Տրոֆիմչուկը։

Նա այն կարծիքին է, որ «հանգստանալ» չի հաջողվի, պետք է զոհեր տալ։ «Նայեք Ուկրաինային, հարցերն առանց մեծ կորուստների չեն կարող լուծվել սկզբունքորեն, առավել ևս այնպիսի անտեսված հարցերը, ինչպիսին Ղարաբաղն է։

Ռուս խաղաղապահները հենց խաղաղապահ կոնտինգենտ են։ Եվ եթե Երևանին կամ մեկ ուրիշին հաջողվի առաջ մղել այլ խաղաղապահների հարցը (Արևմուտքի նախաձեռնությամբ, և եթե նրանք սկսեն այդ մասին խոսել ԵՄ-ում), ապա այս տարբերակն է՛լ ավելի կսառեցնի պատերազմը տարածաշրջանում»,- նշեց ռուս փորձագետը։

Պարզաբանելով «զոհեր տալու և խնդիրները լուծելու» վերաբերյալ իր միտքը՝ նա ասաց, որ խոսքը վերաբերում է բոլոր երկրներում առկա հասարակական այն հատվածին, որը չի ցանկանում կորուստներ տալ։

Ըստ նրա՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք հույսը դրել են Ռուսաստանի վրա, որ հիմնականում ռուս զինվորները մահանան։

Տրոֆիմչուկը նաև հիշեցրեց սովետական հին մուլտֆիլմ․ «Ոչ ոք չէր ցանկանում մահանալ»։

Տեսանյութեր

Լրահոս