Բաժիններ՝

Ո՞ւմ է հետաքրքիր Հայաստանի տնտեսությունը

Ուշադիր ընթերցողները թերևս նկատած կլինեն, որ հայաստանյան մամուլում ավելի շատ գրվում է ոչ թե այն մասին, թե ի՞նչ արվեց, կամ ի՞նչ տեղի ունեցավ, այլ այն մասին, թե ինչ ասվեց։

Ոմանք դրա համար մեղադրում են լրագրողներին, սակայն հարցին օբյեկտիվորեն մոտենալու դեպքում կպարզվի, որ Հայաստանում շատ քիչ բան է կատարվում։ Գրեթե չի կատարվում։ Հատկապես` տնտեսական դաշտում, և մանավանդ` ամանորյա տոներից հետո։ 2013 թվականի առաջին 20 օրն արդեն անցել է։

Ուշադրության արժանի ի՞նչ է կատարվել Հայաստանի տնտեսությունում։ Ըստ էության` ոչինչ։ Դոլարի փոխարժեքը մեկ իջնում է, մեկ բարձրանում, և արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ։ Պակաս անհետաքրքիր չեն նաև պետական պարտատոմսերի աճուրդները։ Իսկ արդյունաբերության զարգացման հայեցակարգը (որի մասին կրկին խոսում էր էկոնոմիկայի նախարարը) և նման տիպի այլ անիմաստ երևույթները հետաքրքրում են շատ քիչ թվով մարդկանց։ Բնակչությանն իրոք հետաքրքրող միակ տնտեսական թեման տեխզննման կտրոնների հետ կապված պատմությունն էր։

Թեպետ դա էլ տնտեսության հետ կապ ունի միայն այնքանով, որ հարցի կարգավորմամբ զբաղվում էր Ֆինանսների նախարարությունը։
Հետաքրքրություն չեն առաջացնում անգամ միջազգային զեկույցները։ Կամ, ավելի ճիշտ կլինի ասել` առաջացնում են մասնակի հետաքրքրություն (նայած` ինչ զեկույց է և ինչ գույներով է ներկայացնում հայաստանյան իրավիճակը)։

Կարդացեք նաև

Օրինակ` բոլորովին վերջերս գրեցինք Համաշխարհային բանկի` Համաշխարհային տնտեսության հեռանկարները (Global Economic Prospects) զեկույցի մասին, որտեղ Հայաստանին վերաբերող տվյալները չեն համապատասխանում ՀՀ կառավարության խոստումներին։ Մասնավորապես, ըստ ՀԲ-ի, Հայաստանի համար 2012 թվականին սպասվում է ՀՆԱ-ի 6.8% աճ, իսկ 2013, 2014, 2015 թվականների համար կանխատեսվում է, համապատասխանաբար, 4.3%, 4.4% և 4.4%։

Մինչդեռ, ըստ ՀՀ իշխանությունների, 2012 թվականի համար պետք է ապահովվի նվազագույնը 7% տնտեսական աճի ցուցանիշ, իսկ 2012-2017 թվականներին պետք է ապահովվի տարեկան 5-7% ՀՆԱ-ի աճ։ Ստացվում է, որ Համաշխարհային բանկը չի հավատում Հայաստանի իշխանություններին, ՀՀ իշխանություններն էլ չեն նկատում ՀԲ-ի զեկույցը։

Եթե այս զեկույցին մեր պետական պաշտոնյաները հարկ չհամարեցին անդրադառնալ (չնայած Համաշխարհային բանկին «գլխի վրա տեղ են տալիս», մանավանդ, երբ փող վերցնելու կարիք է լինում), ապա մեկ այլ միջազգային տնտեսական զեկույց այլ ճակատագրի արժանացավ։ Խոսքը վերաբերում է Heritage Foundation հիմնադրամի և «Wall Street Journal» պարբերականի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս 2013»-ին: 2013 թվականի կառավարության առաջին իսկ նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց այդ մասին խոսելով. «Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել «Հերիթեյջ Ֆաունդեյշընի» և «Ուոլ սթրիթ ջուրնալի» կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսի արդյունքները։

Այս բնագավառում ևս մենք առաջընթաց ենք արձանագրել` բարելավել ենք մեր դիրքերը, ինչը նույնպես մեզ համար լավատեսության հիմքեր է ստեղծում, որ 2013 թվականին կկարողանանք մեր բարեփոխումներն առաջ տանել։ Սա նույնպես կարևորագույն ինդեքսներից է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում և, բնականաբար, այս ինդեքսի անունը մեզ համար նույնպես ունենալու է էական նշանակություն»։ Հիշեցնենք, որ Հայաստանն այդ զեկույցում իր ցուցանիշը բարելավել է 0.6 միավորով և 177 երկրների շարքում զբաղեցրել է 17-րդ տեղը:

«168 Ժամի» նախորդ հրապարակումներում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալ տնտեսական ազատության ինդեքսին, երբ իշխանությունները սկսել են չափից ավելի ոգևորվել այս զեկույցում արձանագրված առաջընթացով։ Նշել ենք, որ ֆորմալ առումով ազատական տնտեսություն ունենալը դեռ չի նշանակում` լավ տնտեսություն ունենալ։ Մասնավորապես, արտաքին առևտրի ազատականության վերաբերյալ կարելի է երկար բանավիճել, քանի որ հատկապես տնտեսական ճգնաժամից հետո շատ երկրներ հակվում են դեպի հովանավորչական` սեփական արտադրողների համար նպաստավոր պայմաններ ապահովելու քաղաքականություն։
Սակայն, մեծ հաշվով, խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ այդ զեկույցում արտահայտված են մտքեր, որոնք հայաստանյան իրականության հետ ընդհանրապես կապ չունեն։

Օրինակ նշվում է, որ տնտեսական բազայի դիվերսիֆիկացման շնորհիվ մեծացել է Հայաստանի տնտեսական դինամիզմը, մեկ տասնամյակ շարունակվող տնտեսական ուժեղ աճը հանգեցրել է աղքատության ու գործազրկության կրճատմանը, վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել կառավարության ծախսերի սահմանափակման ուղղությամբ, առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում, և այլն։ Սա` այն դեպքում, երբ անգամ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ բան է ասում։ Աղքատության մակարդակը 2010 թվականի տվյալներով` հասել է ռեկորդային 35.8%-ի։ Գործազրկության մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է. մարդիկ սովորաբար չեն արտագաղթում մի երկրից, որտեղ նոր աշխատեղեր են բացվում։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացին, ապա անհասկանալի է, թե այդ առաջընթացը զեկույցի հեղինակները որտե՞ղ են տեսել։ Իրականությանը մոտ է միայն հատվածը, որ շարունակում են մտահոգություն առաջացնել քաղաքական ու գործարար շրջանակների սերտ հարաբերությունները և շահագրգիռ շրջանակների չափազանց մեծ կողմնակի ազդեցությունը:

Որքան էլ տարօրինակ հնչի, վերը նշված երկու զեկույցները Հայաստանի տնտեսական լրահոսի ամենակարևոր իրադարձություններն էին։ Մինչդեռ առաջինը` Համաշխարհային բանկի զեկույցը, ինչպես արդեն նշեցինք, ակնհայտորեն արհամարհվեց կառավարության կողմից։ Իսկ երկրորդը` տնտեսական ազատականության ինդեքսը, մեծ հաշվով, քիչ է համապատասխանում իրականությանը։ Եվ, Տիգրան Սարգսյանից բացի, շատ քչերին է հետաքրքրում։

Միգուցե բնակչության մեծ մասը տնտեսագիտական խորը գիտելիքներ չունի, սակայն շատերն ինտուիտիվ զգում են՝ ի՞նչն է կարևոր, ի՞նչը` ոչ։ Դրա համար էլ ավելի շատ հետաքրքրվում են, ասենք, օրենքով գող Դեդ Հասանի սպանությամբ և այդ դեպքին վերաբերող մանրամասներով` քան իրենց երկրի տնտեսական անցուդարձով։

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս