«Գորիս» ՔԿՀ-ի նորանշանակ պե՞տն ինչու էր այդպես ինքնամոռաց պարում այդ «խրախճանքին»

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Արտակ Բարսեղյան անունով ֆեյսբուքյան օգտատերը սոցիալական կայքի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որում մի քանի հասուն տղամարդիկ ինքնամոռաց քեֆ էին անում «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» ռազմահայրենասիրական երգի ներքո:

Եվ թեպետ այդ օգտատերը բարձրացված աղմուկից հետո հեռացրել էր տեսանյութը, այն հասանելի է յութուբում ու տարբեր ԶԼՄ-ներում:

Թվում է, թե նորմալ իրավիճակ է, տղամարդիկ խնջույքի են մասնակցում, երևի ինչ-որ առիթ է. ի վերջո, կյանքը շարունակվում է: Սակայն այս չափահաս տղամարդիկ, ովքեր հավանաբար կամ նրանց մի մասը հաստատ պետական պաշտոնյաներ են, ինքնամոռաց պարում էին այն օրը, երբ ընդամենը մի քանի ժամ առաջ մեր երեք պայմանագրային զինծառայողներ թուրքական Բայրաքթարի զոհ էին դարձել Արցախի Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը պաշտպանելիս:

Խնջույքը հավանաբար տեղի է ունեցել Սյունիքում. ամեն դեպքում սյունեցի պաշտոնյաների պակաս չկա տեսանյութում:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կառավարող ԱԺ «Իմ քայլը» (այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր») խմբակցության պատգամավորների դեպի Գորիս էքսկուրսիան կազմակերպած նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով ներկայումս կրկին պատգամավոր է և Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, այնպես էր ինքնամոռաց պարում 3 տան ճրագը իր թիմակիցների մեղքով մարելուց հետո, որ թվում էր՝ առնվազն ինքն է գնացել պատերազմ ու հաղթական վերադարձել:

Ի դեպ, տեսանյութը տարածած Արտակ Բարսեղյանը գլխավոր դատախազության նախկին աշխատակից է, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի ընկերը:

Այս տեսանյութում մենք ևս մի ծանոթ դեմք նկատեցինք:

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետն է՝ Մանուկ Պողոսյանը, ով «Կոշ» ՔԿՀ-ի պետն էր, ապա, այդ հիմնարկի փակվելուց հետո նշանակվեց Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, սակայն կարճ ժամանակ անց տեղափոխվեց Գորիս՝ իր տեղը զիջելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ազգականին՝ Արտակ Սարգսյանին: Վերջինս մինչ այդ «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն էր:

Մանուկ Պողոսյանը, ի դեպ, նորեկ չէ համակարգում, սակայն նախկին իշխանությունների օրոք հեռացվել էր համակարգից շատ տգեղ ու համենայն դեպս ՔԿՀ պետի տեղակալին ոչ հարիր պատմության պատճառով, ինչի պատճառով նաև քրեական հետապնդման էր ենթարկվել:

Եվ, չնայած այդ ամենին, նա կրկին համակարգ է վերադարձել արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանափոխությունից հետո՝ 2019թ. սեպտեմբերին նշանակվելով «Կոշ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:

Եթե Մանուկ Պողոսյանը 2016թ.-ին մասնակցեր նման խնջույքի նման իրողության պայմաններում, նրան վստահաբար ԶԼՄ-ները, իրավապաշտպանները, քաղհասարակությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանեկան լրատվամիջոցն այնպես անարգանքի սյունին կգամեին, որ աշխատանքից կազատվեր ոչ միայն ինքը, այլև իր վերադասն ու վերադասի վերադասը: Այնպես որ, Մանուկ Պողոսյանն իսկապես կարող է ողջունել ՔՊ-ականների իշխանափոխությունը: Նրա կյանքում վստահաբար 2018թ. ապրիլը շրջադարձային է եղել:

Այլ լուսանկարներից պարզ է դառնում, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նույնպես մասնակցել է նշված քեֆին:

Տեսանյութեր

Լրահոս