Ներդրումային ծրագրերը՝ միայն Փաշինյանի добро-ով
Այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ստեղծվեց ներդրումային կոմիտեն։ Կոմիտեի ստեղծման հիմքում գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման գաղափարն է։ Սահմանվել էր, որ Ներդրումային կոմիտեի նիստերը նախագահելու է ՀՀ վարչապետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ փոխվարչապետը։ Ընդհանուր առմամբ, բացի ՀՀ վարչապետից և փոխվարչապետներից, կոմիտեի անդամներ են ֆինանսների նախարարը, էկոնոմիկայի նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Ներդրումային կոմիտեն իր առաջին նիստը գումարեց ստեղծումից մեկ ամիս անց՝ մարտին։
Հետաքրքրական է առավել մանրամասն ուսումնասիրել նորաստեղծ Ներդրումային կոմիտեի աշխատանքի տրամաբանությունը։ Այսպես, Փաշինյանը, երբ վերջինս Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձավ այս թեմային, նշեց, որ կոմիտեի էությունը կայանում է նրանում, որ 250 մլն դրամը գերազանցող կապիտալ ծախսերը քննարկվեն Ներդրումային կոմիտեում, այնուհետև որոշվի առաջնահերթությունները, որովհետև ամեն տարի պետական բյուջեով նախարարություններն առաջարկում են ծրագրեր, և պետք է դրանց քննարկման ու որոշումների կայացման ավելի ինստիտուցիոնալ համակարգ ունենալ:
Ինչպիսի՞ քայլերով է աշխատելու Ներդրումային կոմիտեն։ Այսպես, 250 մլն դրամը գերազանցող բոլոր ծրագրերը նախ՝ պետք է ներկայացվեն Էկոնոմիկայի նախարարություն, որտեղ արդեն նախնական քննարկում է տեղի ունենալու, այնուհետև հարցը մտնելու է Ներդրումային կոմիտե, և կոմիտեում կայացվի համապատասխան որոշումը: Եթե ելնենք հանրային ներդրումների կառավարման և կապիտալ ծախսերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու գաղափարից, ապա այս նախաձեռնությունը, իհարկե, գովելի է, սակայն տվյալ իրավիճակում նպատակն այդքան էլ պարզ չէ։
Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու են հենց 250 մլն դրամը գերազանցող կապիտալ ծախսերը նախապես ներկայացվում Էկոնոմիկայի նախարարություն, և արդյո՞ք այս մասով կառավարելի են հավանական կոռուպցիոն ռիսկերը: Ինչո՞ւ ոչ 20 մլն, 50 մլն, չէ՞ որ դրանք էլ Հայաստանի Հանրապետության համար փոքր գումարներ չեն։
Փաշինյանը կոմիտեի մասին խոսելիս առանձնահատուկ շեշտադրում արեց ժամանակի գործոնի վրա։ Նա օրինակ բերեց մարզերը, որտեղ կլիմայական պայմանները տարբեր են, և շինարարության սեզոնի մեկնարկի հենց առաջին օրը կապիտալ ներդրումները պետք է սկսել, որպեսզի շինարարության ժամկետ բաց չթողնվի: Իսկ արդյունքում այնպես է ստացվում, որ մայիս-հունիս-հուլիս նոր ծրագրերը հաստատվում են, մինչև մրցույթ է արվում, շինարարությունը սկսում են՝ գալիս է սեպտեմբերը, 1-2 ամսից արդեն շինարարության սեզոնն ավարտվում է, և ծրագիրը փոխանցվում է հաջորդ տարվան:
Մինչդեռ նպատակն է՝ փետրվարի վերջին փորձել ծրագրերը հաստատած ունենալ, որպեսզի մարտ-ապրիլից շինարարական սեզոնը սկսվի։ Այստեղ ևս պետք է արձանագրել, որ, այո, ժամանակը թանկ ռեսուրս է, իսկ եթե Ներդրումային կոմիտեի գործունեությունը լինի ի նպաստ ժամանակի խնայման, ապա միայն գովելի է, սակայն արդյո՞ք կապիտալ ծախսերի կազմակերպման գործընթացը բարդացնելը և Էկոնոմիկայի նախարարության միջոցով Ներդրումային կոմիտե դրանք ներկայացնելը նշանակում է՝ խնայել ժամանակը:
Ակնհայտ է, որ` ոչ: Առավել ևս՝ այն պայմաններում, երբ վերջին 4 տարիների փորձը ցույց է տալիս, որ ներկայիս կառավարությունն աչքի չի ընկել բարձր կատարողական արդյունավետությամբ, կառավարիչների և որակավորված մասնագետների ռեսուրսով, ու խիստ հարցական է մնում այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարությունը կարող է գործընթացները կազմակերպել մեծ արդյունավետությամբ: Նման պայմաններում ակնկալել, որ կապիտալ ծախսերը կիրականացվեն ժամանակին և ողջ ծավալով` ակնհայտ է, որ հեռու է իրականությունից:
Այս ամենի հետ մեկտեղ՝ առկա է մեկ այլ՝ Ներդրումային կոմիտեի վարկանիշին ոչ մի կերպ չնպաստող, աղաղակող խնդիր։ Հաշվի ընդունելով նորաստեղծ կառույցին տրված գործառույթները՝ պարզ է դառնում, որ վերջնական որոշումների կայացումը կենտրոնացվում է վարչապետի գլխավորությամբ գործող Ներդրումային կոմիտեի հարթակում, ասել է թե՝ միանշանակ հետապնդում է միանձնյա որոշումների կայացման նպատակ: Կրկին ստիպված ենք բարձրաձայնել մի շարք հարցեր։ Առաջինը՝ որքանո՞վ են նման կառուցվածքի ու գործառույթների դեպքում կանխատեսվելու ու բացառվելու կոռուպցիոն ռիսկերը։
Որքանո՞վ են որոշումները կայացվելու անաչառ՝ առանց հիմք ընդունելու, օրինակ, անձնական համակրանքը, խնամի-ծանոթ-բարեկամ կապերը, հակադիր քաղաքական հայացքները։ Այս հարցերը, այո, իրավունք ունեն գոյություն ունենալու, քանի որ փաստացի ներկայիս իշխանությունների կառավարման 4 տարվա ընթացքում զգալիորեն մեծացել են մեկ անձից կատարվող գնումները, իշխանական քաղաքական թիմի մերձավորների ընկերությունները մշտապես ճանաչվում են պետական խոշոր տենդերների հաղթողներ, տեղի են ունենում բյուջեի պահուստային ֆոնդից անհասկանալի վերաբաշխումներ։ Եվ այս ցանկը դեռ կարելի է երկար շարունակել։