Եռակողմ գործարք՝ անվտանգային վտանգավոր կետում

Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան հայելային հետքաշում՝ իր հետևանքներով: Սա հաստատել է նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Նա հայտնել է, որ ռուսական կողմի առաջարկով հայկական և ադրբեջանական ստորաբաժանումները հանել են իրենց դիրքերն Արցախի Փառուխ գյուղից, որից հետո, սակայն, ադրբեջանցիները հետ են եկել և նորից դիրքավորվել։

«Երբ Խրամորթում խնդիրներ եղան, ռուսական կողմն առաջարկեց, որ այդտեղից և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հանի դիրքերը, և ոչ մի խնդիր չի լինի: Եկել են այդ համաձայնության»,- շարունակել է Բաբայանը:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ խոսքը թվով 4 դիրքերի մասին է:

Իր հերթին՝ Ադրբեջանի ՊՆ-ն ասում է, որ դիրքերի և տեղակայման կետերի ճշգրտման գործընթաց է տեղի ունենում: Ի՞նչ հիմքով, արդյոք զուտ ռուսական կողմի հորդորո՞վ: Իհարկե ոչ, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հետևյալ դրույթին (4-րդ կետ). «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Մյուս կողմից, 2020թ. նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության առաջին կետում ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Այս պարագայում գոնե այդ խայտառակ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները պետք է առնվազն համարձակություն ունենան և Ալիևին պարտադրեն կատարել իրենց բաժին պարտավորությունները, ինչպես, օրինակ՝ գերիների վերադարձը և այլն, որպեսզի Պաշտպանության բանակը ստիպված չլինի կատարել ռուսական զորակազմի պահանջը:

Ադրբեջանի զորակազմի ներկայացուցիչները և ՊՆ-ն հղում են կատարում եռակողմ հայտարարությանը և պահանջում կատարել այն: Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշում է, որ դիրքային ճշգրտումներ են կատարում: ՀՀ իշխանությունների քարոզչական շրջանակները տեղի ունեցածի մեջ մեղադրում են ռուսական կողմին: Ինչ խոսք, ռուսական կողմն այստեղ անելիք ուներ, բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում և Արցախում ունենք ԶՐՈ դերակատարում ունեցող, իրենից ոչինչ չներկայացնող իշխանություն:

Եվ այսպես, ի՞նչ դիրքային ճշգրտումների մասին է խոսում Ադրբեջանը:

Երկրորդ՝ Ադրբեջանը, հղում կատարելով եռակողմ հայտարարությանը, անընդհատ խոսում է «հայկական զինյալ խմբավորումների» դուրսբերման մասին, մինչդեռ այս դեպքում ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթի խախտում, քանի որ ադրբեջանական զինված ուժերը խրվել են ռուս խաղաղապահների թիկունք:

Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ադրբեջանական զինված ուժերն ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին՝ այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Խոսքը Քարագլուխ ռազմավարական նշանակության բարձունքի մասին է, որին տիրանալով՝ ադրբեջանական կողմը վերահսկելու է ամբողջ Ասկերանը և ոչ միայն:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում հարցին՝ հայկական կողմը հետքաշման առաջարկը պե՞տք է ընդուներ, քանի որ հնարավոր է՝ Ասկերանը հայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ, Սամվել Բաբայանն ասել է.

«Արցախի ղեկավարությանը և Անվտանգության խորհրդին առաջարկել եմ, որ Աղդամի ուղղությամբ որևէ տարածք չհանձնեն, մինչև էս ամբողջը հստակ ճշտվեր»:

Այնուհետ ճշտող հարցին ի պատասխան՝ ասել է, որ առաջարկը եղել է մինչև եռակողմ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Աղդամի շրջանը պիտի վերադարձվեր Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Այսինքն, առանց կրակոցի է Աղդամը հանձնվել՝ կամավոր:

Պատմական էքսկուրս կատարելով՝ հիշեցնենք, որ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքը հրետակոծում էին 152մմ հեռահար հրանոթներով՝ միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ:

Աստիճանաբար պարզ դարձավ` քանի դեռ «գայլաորջը» վերացված չէ, ԼՂՀ մայրաքաղաքն ու Ասկերանը դատապարտված են, ուստի Շուշիից հետո գերխնդիր դարձավ Աղդամի ազատագրումը, որը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։

1993-ի հուլիսի 4-ին հայկական ուժերը սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը։

Նույն օրը, փորձելով կասեցնել Աղդամի շրջապատումը, թշնամին հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով, սակայն արդյունքում կորցրեց Աղդամի համար բացառիկ կարևորություն ունեցող Շելլին իշխող բարձունքները։

Հակաօդային պաշտպանության հայ մարտիկների ջանքերով չեզոքացվեց նաև թշնամու ունեցած օդային գերազանցությունը։

Հետագա օրերին համառ մարտեր ծավալվեցին Աղդամը շրջապատող բարձունքների համար, որոնք հաջորդաբար անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից հետո Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվեց լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը, և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին։ Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։

Ինչ վերաբերում է 2020-ի պատերազմին և այդ ժամանակ Ասկերանի շրջանի գյուղերի կորստին, նշենք, որ հոկտեմբերի առաջին շաբաթվանից հետո՝ երբ Հադրութն ընկավ, ադրբեջանական ուժերը խորացրին ճեղքումը, և երկու շաբաթում հասան Արցախի Ասկերանի շրջանի գյուղերի հարակից տարածքներ։

Ի դեպ, 44-օրյա պատերազմի վերջին՝ հոկտեմբերի 27-ին, երբ շրջանի գյուղերից Ավետարանոցը, Մոշխմհատը, Մադաթաշենն ամբողջությամբ արդեն հակառակորդի վերահսկողության տակ էին, Արծրուն Հովհաննիսյանը քարտեզ էր ներկայացնում, իբրև թե՝ Ավետարանոցում մարտեր են։ Արծրուն Հովհաննիսյանը քարտեզը ցույց տալուն զուգահեռ՝ հայտարարում էր, որ քարտեզում նշված գյուղերում դիվերսիոն ներթափանցում կատարող խմբերի դեմ պայքարը շարունակվում է։ Այսինքն, Ավետարանոցում, ըստ պաշտոնական լրատվության, հոկտեմբերի 27-ին մարտեր էին, բայց գյուղն արդեն գրավված էր…

Ինչ վերաբերում է Փառուխում տեղի ունեցածին, ապա չի բացառվում, որ դրա գինը գազը լինի, կամ գուցե մեկ այլ բան: Մի բան հստակ է՝ սա եռակողմ գործարք է:

Տեսանյութեր

Լրահոս