Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. ՊՆ
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել են ՊՆ-ից:
Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։
ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորեցին սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։