«Ներկա բարդ պայմաններում իրենց հայ համարողների միասնականության օրակարգը հետևյալն է»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներկա բարդ պայմաններում իրենց հայ համարողների միասնականության օրակարգը հետևյալն է:

1. Հայաստանի անվտանգության երաշխիքներից առանցքայինն է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Քանի դեռ սա չի եղել, Թուրքիա պետությունը մնալու է թշնամի պետություն (պետությունը այլ ոչ թուրք անհատը) ցանկացած հայի և Հայաստան պետության համար:

2. Արցախի հայկական լինելուց հրաժարումը դավաճանություն է, ոչ միայն Արցախում բնակվող հայի, այլ նաև հայ տեսակի նկատմամբ: Արցախի զիջումը գոյաբանական մարտահրավեր է, սա փորձաքար է մեր ապագա գոյության, որը պետք է պատվով հաղթահարել:

3. Այս տարածաշրջանում, առկա մարտահրավերների պայմաններում, Հայաստանի երկարաժամկետ գոյության գլխավոր նախապայմանն է սեփական ռազմական արդյունաբերությունը, և առնվազն կես միլիոն մարտունակ ժողովուրդը:

4. Երրորդ կետն իրագործելու միակ տարբերակը Հայաստան պետության սոցիալական լինելն է, կնշանակի մարդը պետք է լինի պետության հոգածության տակ, իսկ պետությունը ոչ միայն շուկայում խաղի կանոններ սահմանող, այլ նաև ակտիվ խաղացող: Սա նաև կնշանակում է, որ պետությունը ակտիվ մասնակցություն է ունենում, այսինքն ինքն է կառուցում և նաև համակարգում է բոլոր այն ենթակառուցվածքային բաղադրիչների կառուցումը, որոնք մեզ բերելու են վերոգրյալ կետերի իրագործմանը: Սրանք են` Առողջապահական, Կրթական և Սոցիալական ծառայությունների համակարգեր, սրանք են` տնտեսական ենթակառուցվածքներ, այդ թվում բնակֆոնդ (վերջինս ներգաղթ ապահովելու համար):

Տնտեսական լիբերալիզմը (ներկայի համակարգը) հակասում է վերորգրյալ բոլոր կետերի գոյությանը և մեր ձախողումների առանցքում է:

5. Չորրորդ կետն անելու համար, Հայաստանը պետք է վերադարձ կատարի եկամուտների պրոգրեսիվ հարկման համակարգի:

Մետաղական հանքերը հետզհետե պետք է դառնան պետական (հիմնականում հետ գնվեն) և ծառայեն պետությանը, այսինքն ժողովրդին: Սա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի դեպի գիտություն տրանսֆորմացիան, գիտական հանրություն դառնալու պրոցեսը չի ավարտվել (վառ օրինակ` Ճապոնիա):

6. Այս ամենը անելու համար պետք են գրագետ, ազնիվ, անկոտրուն, համառ, սկզբունքային և պատվախնդիր Հայաստանում բնակավող հայազգի առաջնորդներ:

Կոռուպցիան, լինի նեպոտիզմի (թայֆաբազություն), թե կաշառքների տեսքով, պետք է արմատախիլ արվի: Պետական, կնշանակի հանրային ռեսուրսը վատնողն ու գողացողը պետք է դասվի պետության թշնամիների շարքին և մեկուսացվի:

Շատ կարճ, սա այն օրակարգն է, որի շուրջ համախմբումը կենսական է: Եթե մենք սա էլ ձախողեցինք, եթե մնացինք ուղղակի սոցիալական հարթակներում գրառումներ անողներ, իմացեք որ հաջորդող մեկ-երկու տասնամյակի ընթացքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալ:

Աշխարհը տրանսֆորմացիայի մեջ է, մենք այդ տարբեր ուժերի բախման ճանապարհին ենք, մեր տարածքը մարտադաշտ է: Գոյության միակ ճանապարհը վերոգրյալ օրակարգի շուրջ համախմբումն է:

Այս օրերին, երբ շատերին թվում է թե առօրյա կյանքով ենք ապրում, մեր ներկան ու ապագան են քննարկում` թուրքերը, ռուսներն ու չգիտեմ ովքեր: Իսկ ուր են իրական հայերը, դա էլ չգիտեմ»:

Տեսանյութեր

Լրահոս