Փաշինյան-Էրդողան-Ալիև քաղաքական թիմը գործում է համատեղ, նպատակն Արցախի կործանումն ու Հայաստանի վիլայեթացումն է․ Դավիթ Շահնազարյան
Եթե համարենք, որ այս իշխանությունն անփորձ ու անգրագետ է, կարող է նրա արած հայտարարությունների կապակցությամբ տարակուսանք առաջանալ, բայց եթե հարցին մոտենանք այն վստահությամբ, որ սա դրսից բերված իշխանություն է և գործում է բացառապես ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի, ամեն ինչ տեղն է ընկնում։ Դեռևս 2018-ին պարզ էր, որ Փաշինյանին բերել են Արցախը հանձնելու նպատակով, մենք դրանում անընդհատ համոզվում ենք։ Խաղաղության օրակարգի մասին բոլոր հայտարարություններն օրգանական շարունակությունն են 2018-ից վարվող քաղաքականության, երբ պարզ էր, որ այս իշխանությունն անընդհատ փաստարկներ է տալիս Ադրբեջանին՝ լեգիտիմացնելու իր նախապատրաստած պատերազմը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«Այս իշխանության բերած խաղաղության դարաշրջանը շատ ավելի կորստաբեր է լինելու մեր և Արցախի համար, քան Փաշինյանի սանձազերծած պատերազմը։ Իրենք գնում են այդ քաղաքականությամբ՝ ի վնաս Հայաստանի։ Գործում է Փաշինյան-Էրդողան-Ալիև համատեղ քաղաքական թիմը։ Ուշագրավ է, որ օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, թե խաղաղության ծրագիրն առաջնահերթություն է, և ընդամենը մեկ ժամ անց նույն բանն ասում է Ալիևը Բաքվից։ Սա ավելի քան լուրջ հիմք է՝ ենթադրելու, որ այս ամենը համաձայնեցված է։ Ճիշտ է՝ Ալիևի հայտարարությունից մի քանի ժամ անց Երասխում զոհ ու վիրավոր ունեցանք»,- ասաց քաղաքական գործիչը:
«Արցախում՝ Խրամորթում, Կարմիր Շուկայում, արդեն ադրբեջանական ականանետեր են կրակում։ Գազատարի պայթյունից հետո արդեն վեց օր է՝ Արցախի՝ մեզ մնացած հատվածում հումանիտար ճգնաժամ է։ Գազատարի վերանորոգման աշխատանքները չեն հաջողվում, ադրբեջանցիները մերժում են մեզ։ Եթե այսպես շարունակվի, այս հումանիտար ճգնաժամը կվերածվի աղետի։ Վստահ եմ՝ Ադրբեջանի հետ արդեն իսկ մեկնարկել են խաղաղության պայմանագրի քննարկումները։ Փաշինյանը նույնիսկ սահմանազատում չի քննարկում, հիմա գերակայությունը միանգամից խաղաղության պայմանագիրն է։ Սահմանազատման հարցերը, հաղորդակցությունների բացումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ներառյալ՝ Շուշիի և Հադրութի վերադարձի հարցը, պետք է կարգավորվեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ Փաշինյանն Ալիևի և Էրդողանի հետ փորձում է սպանել Մինսկի խումբը»,- նշեց Շահնազարյանը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Փաշինյանի օրակարգում Արցախի հարց գոյություն չունի, Հայաստանի ներկայիս իշխանությունը մի աստիճանով էլ է բարձրացրել իր օրակարգը՝ այն հավասարեցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերին. «Ռուսաստանն ու Ճապոնիան մինչև այսօր խաղաղության համաձայնագիր չունեն, բայց դա չի խանգարում, որ համագործակցեն։ Այսօր սեղանին Արցախի կործանումն ու Հայաստանի վիլայեթացումն է։ Փաշինյանի գործունեությունը կարելի է բաժանել չորս փուլի՝ Արցախի հանձնում, հաղորդակցությունների բացում, Ադրբեջանի հետ սահմանազատում, վերջինը կարող է լինել ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելը։
Այսօր Արևմուտք ասելով՝ այս տարածաշրջանում պետք է հասկանալ Թուրքիա, ուրիշ Արևմուտք այստեղ գոյություն չունի։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը Ռուսաստանի և Արևմուտքի մեջ ավելի շատ ընտրել են Թուրքիան։ Ադրբեջանի ներկայիս քայլերն ուղղված են ռուս խաղաղապահների դեմ, դա ակնհայտ է։ Վիճակն անընդհատ սրվում է։ Վստահ եմ, որ Ալիևի այս որոշումը թելադրվել է դրսից, և ոչ միայն Անկարայից, նպատակն էլ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելն է, նաև այդ երկրին վարկաբեկելը, ցույց տալը, որ որպես խաղաղապահ՝ նա չի կարողանում իր առաքելությունը կատարել»:
«Ռուսաստանը պետք է որոշ հետևություններ անի։ ՌԴ-Թուրքիա ձևաչափը մեր տարածաշրջանում չի կարող անվտանգություն և կայունություն ապահովել։ Ուշագրավ էր Անթալիայում ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը Թուրքիայի միջնորդությամբ, Թուրքիային թվում էր, թե միջնորդի դափնիներ կարող է վաստակել։ Բայց կարևոր էր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց՝ կա Ուկրաինայի հետ բանակցությունների միայն մի ձևաչափ՝ Բելառուսը։ Դա ծանր հարված էր թուրքերին, Չավուշօղլուն նույնիսկ փորձում էր արդարանալ։ ՌԴ քաղաքականությունը կփոխվի մեր տարածաշրջանում։ Ուկրաինայում կատարվողն աշխարհաքաղաքական լրջագույն գործընթաց է, Երկրորդ աշխարհամարտից հետո նման վտանգ չի եղել։ Խնդիրն այստեղ Ուկրաինան չէ, ի վերջո, սա ավարտվելու է նոր Յալթայով, այլ ճանապարհ չկա։ Եվ դա ուղղակիորեն անդրադառնալու է մեզ վրա»,- ամփոփեց Դավիթ Շահնազարյանը: