Բաժիններ՝

Զուգահեռ կրթական համակարգեր

Հայաստանի կրթության ոլորտում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, որոնք լրջագույն խնդիրներ և հնարավորություններ կարող են ստեղծել պետական, ֆորմալ կրթության համար։ Կրթության ոլորտում աննախադեպ թափով զարգանում է զուգահեռ համակարգը։ 1970-ական թվականներին չեխ պոետ, ռոք երաժիշտ Իվան Յուրուսը և իր խմբի երաժիշտները ձերբակալվեցին կառավարության գծին չհետևելու համար։

Ձերբակալությունից հետո Յուրուսը երկրի մշակութային գործիչներին կոչ արեց ստեղծել անկախ հրատարակչություններ, համերգասրահներ, ցուցասրահներ և մշակութային այլ ենթակառուցվածքներ, որոնք կլինեն անկախ։ Յուրուսը կարծում էր, որ այդ ձևով հնարավոր կլինի երկրում ստեղծել ազատ միջավայր։ Այս նախաձեռնությունը հաջողեց, և Չեխիայի նախագահ Վացլավ Հավելն այն կոչեց «զուգահեռ հասարակություն»՝ նշելով, որ դրա ձևավորումը մեծ դեր ունեցավ արևելյան Եվրոպայի քաղաքական համակարգի առողջացման գործում։

Հիմա Հայաստանում աննախադեպ զարգացում է ստանում «զուգահեռ կրթական համակարգը»։ Մարդիկ այլևս չեն հավատում, որ պետական, ֆորմալ համակարգը կարող է բավարարել իրենց երեխաների կրթական պահանջները։ 2020թ. Հայաստանի մասնավոր դպրոցներում սովորող աշակերտների թիվը շուրջ 10400 էր։ Համեմատության համար նշեմ, որ 2011թ. մասնավոր դպրոցներում սովորում էր շուրջ 5700 աշակերտ։ Ընդ որում, մի շարք մասնավոր դպրոցներում թափուր տեղեր չկան։

12-ամյա կրթության անցնելը, առանձնացված ավագ դպրոցներ ստեղծելը հիմնավորվում էր այն թեզով, որ աշակերտները մասնավոր պարապմունքների չեն հաճախի, քանի որ 2 տարի ավել սովորելով, շաբաթական 8 ժամ իրենց նախընտրած առարկան դպրոցում սովորելով, նրանք կկարողանան ընդունվել բուհեր։ Սակայն իրականում կրկնուսույցների մոտ պարապելու պրակտիկան էլ ավելի մեծ տարածում ստացավ։ Այսօր շատ երեխաներ 10-րդ դասարանից սկսում են պարապել կրկնուսույցների մոտ։ Վճարունակ խավը երեխաներին մասնավոր պարապմունքների է ուղարկում 4-5-րդ դասարանից։ Մեծ տարածում է ստացել վճարովի դասապատրաստումների պրակտիկան։ Այն հատկապես մեծ տարածում ունի 1-6-րդ դասարանցիների շրջանում։

Հեղափոխությունից հետո նախարարությունը 9-րդ դասարանում նախ կենտրոնացված դարձրեց՝ Հայոց լեզու, իսկ այս տարվանից՝ նաև Մաթեմատիկա առարկան։ Սա նույնպես մեծ թափ հաղորդեց մասնավոր պարապմունքներին։ Մաթեմատիկայի մասնագետներ կան, որոնք 9-րդ դասարանի 30-50 աշակերտի հետ վճարովի պարապում են։

Կարելի է արձանագրել, որ վերջին տասնամյակների կրթական փոփոխությունները հանգեցրել են վճարովի կրթական ծառայությունների հսկայական ինդուստրիայի զարգացմանը։ Եվ ցավալին այն է, որ այս մասին չի խոսվում։ Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում կա այսպիսի տվյալ. «Տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտության համաձայն` 2018թ. բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների 82.8%-ը եղել են ոչ աղքատ, 17.2%-ը` աղքատ (առանց ծայրահեղ աղքատների), և 0%-ը` ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններից»:

Այս ցուցանիշը հետևանք է այն բանի, որ ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում երեխաները վճարովի պարապմունքների չեն հաճախում։ Իսկ աղքատ տնային տնտեսությունների երեխաների մեծ մասը սովորում է այնպիսի ֆակուլտետներում, որոնցում կարելի է ընդունվել 7.5 միավորով։  Ի դեպ, բուհերում նույնպես կան մասնավոր, վճարովի պարապմունքներ։

Այսպիսով, ունենք ֆորմալ, պետական համակարգ, որի միջով հաջողությամբ անցնելու համար սովորողները պետք է օգտվեն զուգահեռաբար գործող ոչ ֆորմալ, մասնավոր, վճարովի կրթական ծառայություններից։

Կրթության ոլորտում կա մեկ այլ զուգահեռ իրականություն ևս։ Վերջին 10-15 տարիների ընթացքում մի շարք մասնավոր կազմակերպություններ լուրջ ներդրումներ են կատարում կրթության ոլորտում։ ԹՈՒՄՈ կենտրոնները, COAF-ի ՍՄԱՐԹ կենտրոնները, կրթական ծրագրերը, ԱՐՄԱԹ լաբորատորիաներն արտադպրոցական կրթության հսկայական ինդուստրիա են ստեղծել։ Այդ կենտրոնները հասանելի են դառնում Հայաստանի բոլոր մարզերում։

Հասկանալի է, որ ֆորմալ կրթությունը և ոչ ֆորմալ, արտադպրոցական կրթությունն իրարից բավական տարբեր են։ Եթե հաջողվի այս երկու համակարգերը ներդաշնակ և փոխլրացնող սկզբունքներով համադրել, ապա կարող ենք ունենալ լավ արդյունքներ։  Բայց դա շատ բարդ աշխատանք է։ Ֆորմալ կրթությունը պարտադիր է, սովորողները գրեթե ընտրության հնարավորություններ չունեն։ Ոչ ֆորմալ կրթությունը պարտադիր չէ, և սովորողը ընտրության հնարավորություններ ունի։ Ֆորմալ կրթության ոլորտում աշխատող ուսուցիչները շատ ցածր աշխատավարձ են ստանում։ Ոչ ֆորմալ կրթության ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ են։ Վերջապես կա նաև միջավայրի խնդիրը։

Դպրոցների շենքային պայմանները հաճախ շատ վատն են։ Մարզադահլիճներ չկան, տեխնիկական հագեցվածությունը վատ վիճակում է։ Այս տարբերությունները հաճախ կոնֆլիկտ են ստեղծում համակարգերի միջև։ Աշակերտներն ավելի շատ նախընտրում են ընտրովի, ոչ ֆորմալ կրթությունը։ Բայց առանց ֆորմալ կրթության, առանց հիմնարար կրթության՝ ոչ ֆորմալ կրթությունը չի կարող մեծ ազդեցություն ունենալ։ Որքան էլ ֆորմալ կրթությունը ոչ ցանկալի է շատ երեխաների համար, այնուամենայնիվ, հենց ֆորմալ կրթությունն է ձևավորում հիմնարար գիտելիքներ, սոցիալական հմտություններ։

Հասկանալի է, որ անվճար և վճարովի կրթական ծառայությունները պետք է շարունակեն զուգահեռ գործառնել։ Եթե կրթության ֆինանսավորումը ցածր է, ապա վճարունակ ծնողները լրացուցիչ կրթական ծառայությունների միջոցով պետք է փորձեն իրենց երեխաների համար ապահովել լավ ապագա։ Իսկ ֆորմալ և արտադպրոցական, ոչ ֆորմալ կրթությունը կարող ենք համադրել և ստանալ մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Գուցե արևելյան Եվրոպայի երկրների օրինակով, մեզ մոտ էլ արտադպրոցական, ոչ ֆորմալ հաստատությունները կարողանան փոխել մեր դպրոցական մշակույթը՝ այն դարձնելով ավելի ժամանակակից ու գրագետ։ Բայց դա ինքնաբուխ ձևով չի լինի։ Պետք է աշխատեն մասնագետների թիմեր, որոնք կկարողանան խնդիրը լուծել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս