«Տնտեսական առումով, փաստորեն, համաշխարհային պատերազմ է, որտեղ ներգրավված են աշխարհի գրեթե բոլոր երկրները». Կարեն Քոչարյան
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։
Նրանցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Այս ամենին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հետևյալ բնութագրումն է տալիս. «Խաղաղության դարաշրջան է, և դրական ազդակներ են գալիս՝ ինչպես կասեր մեր իշխանությունը: Այնպես չէ, որ խաղաղությունը միայն իրենց ուզելով է. դա պետք է ուզեն բոլոր կողմերը: Չեմ բացառում, որ լարվածությունը գալիս է ռուս-ուկրաինական հակամարտությունից: Համարում եմ, որ սա փաստացի երրորդ համաշխարհային պատերազմն է, պարզապես հիմա այլ բնույթ ունի: Տնտեսական առումով, փաստորեն, համաշխարհային պատերազմ է, որտեղ ներգրավված են աշխարհի գրեթե բոլոր երկրները: Բայց զուտ գործողությունների առումով, տեսեք, Սիրիայում ամերիկյան բազա է տրաքել, Չինաստանի ու Թայվանի մեջ է լարվածություն առաջացել, մենք Երասխում զոհ ենք ունեցել, Արցախում 2-3 օր է՝ լարված վիճակ է, այնտեղ գազամուղն է տրաքել, մարդիկ գազ չունեն, խայտառակ վիճակ է, երեկ լուրեր տարածվեցին, թե Սյունիքի սահմանների մոտ կուտակումներ կան: Այս ամենը չեմ կարող չկապել համաշխարհային բավականին լուրջ ճգնաժամի հետ»:
Անդրադառնալով մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, որին մասնակցելու է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, քաղտեխնոլոգը նշեց.
«Այն, որ արտաքին գործերի նախարարը պատրաստվում է մասնակցել, դա նորմալ է: Ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Դա միջազգային ֆորում է, հիմա որ Թուրքիայում է անցկացվում, պետք է չգնա՞»: