Բաժիններ՝

Շատ անկանխատեսելի իրավիճակ է. ֆաբրիկաներում երկու ամսվա պաշար ունենք. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ

Ուկրաինայի հետ Հայաստանի բեռնատար հաղորդակցությունը բարդացել է: ՌԴ-ն փակել է տոհմային թռչնի արտահանումն առնվազն մինչև ապրիլ:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ խափանվել է հայկական թռչնաֆաբրիկաների համար նախատեսված սոյայի շրոտի և եգիպտացորենի մատակարարումը. ապրանքի համար արդեն վճարված էր, բայց Խերսոնին հասած բեռնատար նավերը հետ են շրջվել:

«Կեր դժվարանում ենք բերել՝ Խերսոնի նավահանգիստը չի ընդունում, որպեսզի բարձում կատարենք: Թռչնամիս, կարծում եմ, Ուկրաինայից արդեն դժվար թե բերեն: Մեր ֆաբրիկաներում երկու ամսվա պաշար ունենք՝ կեր, միս, ձու: Լավ է՝ մենք 2020 թվականի վերջին մի քիչ շատ գլխաքանակ ու կեր բերեցինք։ Մի խոսքով՝ դեռ երկու ամիս կարող ենք դիմանալ, տեսնենք, էլի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում կերի առումով չեն կարող բավարարել շուկան, քանի որ ցորենի, գարու մեծ մասն Արցախից է բերվել, իսկ հիմա այդ տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի կողմից, բարձրացել են նաև համաշխարհային գները:

«Շատ անկանխատեսելի իրավիճակ է: Հայաստանում տոհմային թռչնի արտադրություն գոյություն չունի, այդ իսկ պատճառով ֆաբրիկաները տարին մի քանի անգամ ստիպված են ածան հավեր և բրոյլերներ ներկրել»,- հավելեց Սերգեյ Ստեփանյանը:

Նշենք, որ ռուս-ուկրաինական վերջին դեպքերի պատճառով Հայաստանում դադարեցվել է հավի մսի ներմուծումն Ուկրաինայից։ Հայ ներմուծողներն այն գնում էին ցածր գնով: Սակայն, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահի խոսքով, թռչնամիսը հագեցած էր հակաբիոտիկներով, հորմոններով և այլ վնասակար նյութերով:

Հավելենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ «Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ: 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինը՝ 68 տոկոսից կազմելով 37 տոկոս:

Ավելացել է նաև հավի մսի իրացման առաջնային շուկայում գործունեություն ծավալողների թիվը՝ 2018 թվականին՝ 60 տնտեսվարող, 2020 թվականին՝ 66: 2015-2020 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, այնուամենայնիվ հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ 30 տոկոս: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման և ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, և հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030 թվականին աշխարհում մսի արտադրության և իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս