Արմտյան երկրները որոշում են կայացրել անջատել Ռուսաստանը SWIFT միջբանկային համակարգից
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են ՌԴ-ի դեմ նոր ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք նախատեսում են նաև ռուսական որոշ բանկերին տեղեկատվության փոխանցման և վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգից անջատում: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը:
«Բոլոր ռուսական բանկերը, որոնց նկատմամբ արդեն սահմանվել են միջազգային հանրության պատժամիջոցները, և անհրաժեշտության դեպքում մյուս ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից»,-նշել է Հեբեշթրայթը:
Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները որոշել են ավելի սահմանափակել ՌԴ-ի Կենտրոնական բանկի հնարավորությունները ռուբլու փոխարժեքը միջազգային ֆինանսական գործարքների հաշվին պահպանելու հարցում:
«Պատժամիջոցների համաձայնեցումը ուղղված է նաև այն անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք սատարում են պատերազմն Ուկրաինայում: Վերջ կդրվի կարողունակ ռուսաստանցիների հնարավորություններին իրենց և իրենց ազգականների համար, այսպես կոչված, ոսկե անձնագիր և եվրապական քաղաքացիություն ստանալու հարցում»,-նշել է նա:
«Կստեղծվի աշխատանքային խումբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի ապահովվի պատժամիջոցների շուտափույթ իրագործումը, սառեցվեն պատժամիջոցների ենթարկված անձանց, նրանց ընտանիքների ու ընկերությունների ակտիվները»,-հայտարարել է նա: