Դպրոցական անտեսված առարկաները
Հայաստանի դպրոցներում խորանում են որոշ առարկաների դասավանդման խնդիրները։ Դրանք պայմանավորված են մասնագետների, նյութատեխնիկական բազայի բացակայությամբ կամ սակավությամբ։ Թեև պաշտոնապես դպրոցներում դասավանդում ենք 20-ից ավելի առարկաներ, բայց քիչ թե շատ նորմալ դասավանդվում են Հայոց լեզուն և գրականությունը, Հայոց և Համաշխարհային պատմությունը, Հայ եկեղեցու պատմությունը, Մաթեմատիկան, Աշխարհագրությունը, Անգլերենը։ Լաբորատորիաների և մասնագետների բացակայության պատճառով բավական վատ են դասավանդվում Ֆիզիկան, Քիմիան, Կենսաբանությունը։ Ծանր վիճակում են նաև ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի դասավանդումը, քանի որ, բացի մասնագետների ոչ բավարար քանակից, այս առարկաները շատ քիչ թվով աշակերտների են հետաքրքրում։
Շատ ավելի լուրջ է որոշ առարկաների վիճակը։ Օրինակ՝ դիտարկենք Ֆիզկուլտուրան։ Տարիներ առաջ Ֆիզկուլտուրայի դերը կարևորելով՝ ավելացվեցին այս առարկայի դասաժամերը՝ շաբաթական 2 ժամից դառնալով 3 ժամ։ Բայց Հայաստանի դպրոցների մեծ մասը լրջագույն խնդիրներ ունի՝ մարզադահլիճների հետ կապված։ Նախ՝ ունենք դպրոցներ, որոնք մարզադահլիճներ չունեն։ Այս դպրոցներում Ֆիզկուլտուրայի դասերն անցնում են բակերում (սեպտեմբեր-հոկտեմբեր, ապրիլ-մայիս ամիսներին), իսկ մնացած ամիսներին աշակերտները դասարանում դասախոսություն են լսում սպորտի պատմության մասին։
Բազմաթիվ դպրոցներ ունեն մարզադահլիճներ, բայց դրանք անմխիթար, խոնավ վիճակում են, չեն ջեռուցվում։ Այս դպրոցներում էլ է ձախողվում Ֆիզկուլտուրայի դասավանդումը։ Խնդիրներ կան նաև այն դպրոցներում, որոնք ունեն 500-ից ավելի աշակերտ։ Այստեղ մեկ մարզադահլիճը չի բավարարում։ Իսկ Հայաստանում գրեթե չկան 2 մարզադահլիճ ունեցող դպրոցներ։ Հետևաբար՝ այս դպրոցներում էլ լիարժեք չեն իրականացվում Ֆիզկուլտուրայի դասերը։ Լինում են դեպքեր, երբ դասն ընդհանրապես տեղի չի ունենում։ Առարկայի դասավանդումը քիչ թե շատ բարվոք վիճակում է փոքր դպրոցներում, որոնք ունեն նորոգված և ջեռուցվող դահլիճներ։ Լրջագույն խնդիր է նաև մարզագույքի հարցը։ Խնդիր է նաև ուսուցիչների ծանրաբեռնվածությունը։ Կան դպրոցներ, որոնցում ուսուցիչն ունի շաբաթական 30 ժամ ծանրաբեռնվածություն։ Եվ հասկանալի է, որ նման ծանրաբեռնվածությունն անթույլատրելի է։
Անմխիթար վիճակում է նաև Ինֆորմատիկա առարկայի վիճակը։ Այս առարկայի դասավանդումը, ըստ նոր չափորոշիչների, սկսվելու է 2-րդ դասարանից։ Եթե Ֆիզկուլտուրայի պարագայում ուսուցիչների խնդիրը քիչ թե շատ բարվոք վիճակում է, ապա Ինֆորմատիկայի պարագայում լրջագույն խնդիրներ կան՝ ուսուցիչների հետ կապված։ Շատ դպրոցներ չունեն նորմալ մասնագետներ։ Եվ ժամերը հատկացվում են օպերատորներին, գործավարներին։ Բանն այն է, որ այս առարկային տիրապետող լավ մասնագետները հեշտությամբ աշխատանք են գտնում մասնավոր ոլորտում։ Անմխիթար է նաև ենթակառուցվածքների վիճակը։ Համակարգիչների մեծ մասը չի աշխատում կամ շատ հին են։ 3-4 համակարգչով ինչպե՞ս դաս վարել 25-30 հոգանոց դասարանում։ 2023թ.-ից Ինֆորմատիկան պետք է դասավանդվի 2-րդ դասարանից սկսած։
Սա նշանակում է, որ դպրոցները պետք է համալրվեն նոր համակարգիչներով։ Բարեբախտաբար, երեխաների մի մասը, տարբեր խմբակների մասնակցելու միջոցով, զարգացնում է իր համակարգչային գրագիտությունը։ Բայց դպրոցական դասերի հույսին մնացած աշակերտները առանձնապես բան չեն սովորում։ 21-րդ դարում Ինֆորմատիկա և Ֆիզկուլտուրա առարկաների դասավանդումը պարզապես անթույլատրելի է։
Խնդիրներ ունենք նաև Տեխնոլոգիա առարկայի դասավանդման հետ։ Այս դեպքում էլ անհրաժեշտ է նյութատեխնիկական լուրջ բազա, որը բացակայում է։ Առանց նյութերի՝ այս առարկայի դասավանդումը չի կարող արդյունավետ լինել։
Որոշ դպրոցներում էլ խնդիրներ կան Հասարակագիտություն առարկայի դասավանդման հետ։ 9-րդ և 12-րդ դասարաններում այս առարկայի դասաժամերին հաճախ ուսուցիչները պարապում են Հայոց պատմություն, քանի որ վերջինս քննական առարկա է։ Եվ եթե ուսուցիչը նույն մարդն է, ապա երբեմն Հասարակագիտության ժամին Հայոց պատմության դաս է արվում։
Այսպիսով, Հայաստանի դպրոցներում քիչ թե շատ նորմալ են դասավանդվում այն առարկաները, որոնք նյութատեխնիկական բազա չեն պահանջում։ Գուցե հենց սա է պատճառներից մեկը, որ երեխաները ձանձրանում են դպրոցում։ 21-րդ դարի երեխաները, որոնք հեռուստատեսությամբ և Ինտերնետով տեսնում են տարբեր տեխնոլոգիաներ, գունեղ միջավայրեր, դպրոցում տեսնում են «չոր» դասեր, փլուզված մարզադահլիներ, թանգարան հիշեցնող համակարգչային դասարաններ։ Խաղեր չկան, տեխնոլոգիաներ չկան, նյութատեխնիկական բազա չկա։ Լսել, խոսել, կարդալ, գրել։ Սրանք են մեր դպրոցներում գործունեության հիմնական տեսակները։ Ֆիզկուլտուրայի, Ինֆորմատիկայի, Բնագիտության, Արվեստի առարկաների դասավանդման ձախողումը իր բացասական ազդեցությունն է ունենում մնացած առարկաների վրա։ Օրինակ՝ Ֆինլանդիայում Ֆիզկուլտուրան ամենօրյա դաս է, դասամիջոցներին կազմակերպվող խաղերը նույնպես պարտադիր են, քանի որ ֆիզիկական ակտիվությունը ինտելեկտուալ ակտիվության նախապայմանն է։
Շատ ցավալի է, երբ երկրում կան այսքան մեծահարուստներ, բայց երեխաները չունեն մարզադահլիճներ, համակարգիչներով հագեցած դասարաններ, լաբորատորիաներ։ Միգուցե անհրաժեշտ է բարձր եկամուտ ունեցող մարդկանց համար սահմանել առանձին հարկ, որոնց հաշվին կլուծվի դպրոցների մարզադահլիճների, համակարգիչների հարցը։ Ամսական 300 հազար և բարձր աշխատավարձ ստացող մարդու համար 2000 դրամը մեծ բան չէ։ Բայց այդ գումարներով հնարավոր կլինի խնդիրներ լուծել դպրոցներում։ Եթե հասարակությունը չի կարողանում լավ պայմաններ ստեղծել երեխաների համար, դա շատ մեծ բաց է։ Հաստատ շատերը կարող են ավելի համեստ կենսակերպ վարել և աջակցել դպրոցներին։