«Մեզանից լավը չկա». Գալուստ Սահակյան
«Մենք երբևիցե չենք ասում, որ մենք շա՜տ լավն ենք: Բայց մեզանից լավը չկա»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան այն հարցին, թե երբ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը վերընտրվի՜ որպես ՀՀ նախագահ:
Լրագրողները Գալուստ Սահակյանին խնդրեցին բնութագրել նաև, թե առաջադրված թեկնածուներն ինչպիսի՞ մրացակիցներ են: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Դե, դա ճաշակի հարց չի, որ ես ինչ-որ մեկին ներկայացնեմ, բնութագրեմ: Դեռևս քարոզարշավը չի սկսվել, իրենց ծրագրերը չկան»:
Լրագրողները Գալուստ Սահակյանին առաջարկեցին մի պահ պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը չի հաղթել, այդ դեպքում՝ ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում ընդդիմության դերում, ինչպե՞ս եք պայքարելու: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Իմ երազելու ժամանակը 20-25 տարեկանից անցել է: Դուք երազների մասին եք խոսում: Պայքարի դասերն անկախության տարիներին մենք տվել ենք: Եթե հետաքրքիր է՝ կարդացեք: Հետագայի մասին էլ չենք մտածում, որովհետև այդ հետագան մեզանից շատ հեռու է»:
Խոսելով ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ում տիրող տրամադրություններից՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, թե կուսակցությունում շատ անհանգիստ տրամադրություն է. «Արդյունավետությունը մեզ համար ամենակարևոր խնդիրն է, թերությունների վերացում, որ այնպիսի դաշտ ստեղծվի, որ դրանք ճիշտ գնահատականներ ստանան»: