ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի նախկին պետը մեղավոր է, ԱԱԾ նախկին տնօրեն Քյարամյանը՝ անմե՞ղ

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն անդրադարձել է ՀՀ-ում լրտեսական ցանցի ԱԱԾ բացահայտումներին և այս համատեքստում առանձնացրել 44-օրյա պատերազմի մեկնարկից մոտ 10 օր անց՝ հոկտեմբերի 7-ին, ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանի ազատման փաստը:

«Թե որքանո՞վ էր այս ազատումը կապված ՀՀ-ում պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ լրտեսական գործունեություն ծավալած ցանցի հետ, ցույց կտա քննությունը, սակայն մի բան փաստ է՝ ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու էր անձամբ ռազմական հակահետախուզության պետը՝ Լևոն Շահումյանը:

Կարծես ամենևին էլ պատահական չէր պատերազմի օրերին Փաշինյանի կողմից նրան պաշտոնից ազատելը, քանի որ ռազմական հակահետախուզության պետն առնվազն թերացել էր իր աշխատանքում, իսկ մնացածը, ինչպես նշեցինք, ցույց կտա գործի քննությունը»,- գրել է «Հայկական ժամանակը»:

Այս դեպքում հարց է ծագում՝ արդյո՞ք Լևոն Շահումյանի պաշտոնանկությունից մեկ օր հետո՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին, Արգիշտի Քյարամյանի ազատումն ԱԱԾ տնօրենի պաշտոնից որևէ առնչություն ունի վերոգրյալի հետ:

Եթե ոչ, ապա ինչո՞ւ պատերազմի օրերին Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, որը ստանձնել էր 2020 թվականի հունիսի 8-ին, և ինչո՞ւ է շարունակել է մնալ Արցախում: Քյարամյանը եղել է նաև Շուշիում:

«Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը: Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30-ին դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հավելենք, որ տելեգրամյան ալիքներում և մեդիահարթակներում տեղեկություններ շրջանառվեցին, որ Քյարամյանը նոյեմբերի սկզբին նշանակվել է Շուշիի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Եվ երբ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատրելի է ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականն է։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Քյարամյանն ԱԱԾ պետի պաշտոնում Արցախում մասնակցել է մի շատ կարևոր քննարկման, երբ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկվել են հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը:

Նշենք, որ հենց այս օրերին է վերագրվում հայտնի օպերացիան՝ «Լելե Թեփե» կամ, ինչպես Սամվել Բաբայանն է նախընտրում անվանել՝ «Քյանդ-Հորադիզ», որի առաջարկը հենց Բաբայանն է արել, և որը փաստացի ձախողվել էր:

Հավելենք, որ 2021-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Այս պահին Արգիշտի Քյարամյանի «ծառայությունները» Փաշինյանին պետք են ՀՀ քննչական կոմիտեում:

Վերադառնալով ԱԱԾ ռազմական հակահետախուզության նախկին պետ Լևոն Շահումյանի ազատմանը և, առհասարակ, հետախուզությանը, նշենք, որ 168.am-ը՝ «Не виноватая я… հետախուզությունն է մեղավոր» վերտառությամբ հոդվածում դեռ անցած տարի էր կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը հերթով սկսելու է մեղավորներ գտնել ուժային կառույցների հետախուզության համար պատասխանատուների շրջանում:

Անցած տարի Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում է կա՛մ իրենց գործը լավ չանելու մեջ, կա՛մ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ: Այն, ինչ արդեն ավելի կոնկրետ է արվում:

Բայց եթե ԱԱԾ-ն իր առաքելության մեջ թերացել է, ապա դրանում մեղքի իր բաժինն ունի նախևառաջ հենց Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության եկած օրվանից ԱԱԾ-ին «զբաղեցնում» էր ամեն ինչով, բացի անվտանգային հարցերից: Օրինակ, ԱԱԾ-ին հանձնարարում էր գնալ ու «սատանա բռնել», ԱԱԾ տնօրենին հրահանգում է գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգել, նախկին իշխանություններին հետապնդել, իր թիմակից նախարարների ու այլ պաշտոնյաների սենյակներում ժուչոկներ դնել, ընդդիմադիր գործիչներին ապօրինի գաղտնալսել, իր անձնական անվտանգությունն ապահովել: Սա հաստատել էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

«Եթե Նիկոլ Փաշինյանը սատանա գտնելու փոխարեն՝ հանձնարարեր, որ ԱԱԾ-ն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, դրա դեմն առներ, այս արհավիրքը չէր լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա:

Բացարձակ չբացառելով նշված ոլորտում այս կամ այն պաշտոնյայի թերացումը և այն, որ երկրի հետախուզական և հակահետախուզական ծառայությունները կարևորագույն դերակատարում ունեն պատերազմների կանխման և նրանց ելքի հարցում, մյուս կողմից՝ չպետք է մոռանալ հայտնի խոսքը՝ «ни одна разведслужба не предскажет, что сделает правительство, если оно само этого не знает»:

Ի դեպ, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի նախկին պետ Լևոն Շահումյանը, որին սկսել է թիրախավորել Փաշինյանի ընտանեկան թերթը, գեներալի կոչում է ստացել հենց Նիկոլ Փաշինյանի առաջարկով:

Սակայն չի բացառվում, որ նրա նկատմամբ նոր մեղադրանքներ լինեն 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, իսկ Քյարամյանի մասին դեռ չի խոսվում և գուցե չխոսվի, որը, կրկնում ենք, գեներալ Շահումյանի երբեմնի վերադասն է եղել ԱԱԾ-ում, և նրանք գրեթե միաժամանակ են ազատվել համապատասխան պաշտոններից:

Տեսանյութեր

Լրահոս