Ուժայիններին հրամայված է հաղորդագրություններում չօգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի անո՞ւնը

168.amգրել էր, որ ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել: Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին:

Վերջին օրերին ուժային կառույցները խուսափում են իրենց ձևակերպումներում օգտագործել արդեն Ադրբեջանի, Թուրքիայի անունը, անգամ, երբ խոսքը պատերազմը սանձազերծողի կամ հայ ռազմագերիների պահման վայրի կամ երկրի մասին է:

Ասվածի ապացույցը ԱԱԾ վերջին հաղորդագրություններն են, որտեղ նշվում է՝ «…փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ»:

Այսինքն, խուսափում են նշել՝ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից…, մինչդեռ առաջին հաղորդագրության տեսանյութում լրտեսության մեջ կասկածվողը հստակ նշում է, որ սոցցանցի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ և ստացել հստակ հանձնարարություն:

ԱԱԾ տարածած երկրորդ տեսանյութում դարձյալ կասկածվողները տալիս են Ադրբեջանի անունը, ինչը բացակայում է տեքստային նյութում:

Պաշտպանության նախարարությունը, որը, օրինակ, ամսի 14-ին օգտագործում էր «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձում» ձևակերպումը, երեկվա հաղորդագրության մեջ նման կերպ էր ձևակերպել միտքը.

«ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար»: Որտեղ պահվող, չիմացող մարդու համար տպավորություն կարող է ստեղծվել, թե Ֆրանսիայից են հայրենադարձվել:

Ըստ էության, բանակի կազմավորման 30-ամյակն անտեսած, Արցախ չայցելող, Արցախից չխոսող, Արցախի հետ կապված իրադարձությունները չհիշող Փաշինյանից և նրա իշխանությունից ամեն ինչ սպասելի է:

Չմոռանանք, որ ուժային կառույցների ղեկավարները, այդ թվում՝ ՊՆ-ն, ԳՇ ղեկավարությունը, հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ չհղեցին:

Իսկ ամբողջ պատերազմի ընթացքում և հետո Ադրբեջանը և Թուրքիան Փաշինյանը չհռչակեց ահաբեկիչ և ցեղասպան պետություններ, փոխարենը՝ պատերազմից հետո սովորեցնում էր դադարել նրանց թշնամի ընկալել:

Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:

Տեսանյութեր

Լրահոս