ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը
Դեռևս անցած տարի 168.am-ը նկատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում բացակայում է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել:
Այն ժամանակ ՊՆ-ից մեզ ասացին, թե իբր տեխնիկական խնդիրներ կան, մինչդեռ իրականությունը ցույց տվեց, որ այս պատճառաբանությունը մտացածին է՝ Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունն այսօր էլ բացակայում է ՊՆ պաշտոնական կայքում:
Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին: Այսինքն՝ արցախյան հարցը փակվա՞ծ են համարում ՊՆ-ում, և կարելի է հրաժարվե՞լ սեփական պատմությունից:
Արդյոք սա վերևից հրահա՞նգ է, թե՞ մի օր ամեն դեպքում գոնե ՀՀ ազգային հերոսները «կվերադառնան» ՊՆ պաշտոնական կայք՝ ժամանակը ցույց կտա: Իսկ գուցե այս դեպքո՞ւմ էլ «մեղավորը» ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է, որի «մուտքը» Ֆեյսբուք արգելված է:
Ի դեպ, վերջին պատերազմի արդյունքում ՀՀ ազգային հերոսների թիվն ավելացավ, թեպետ ՀՀ ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության պատճառով այն տանուլ տվեցինք: