«Այս իրավիճակում ռուսները պետք է փորձեն ուժեղացնել իրենց դիրքերն Արցախում, քանի որ այն մնում է իրենց միակ պլացդարմը ռեգիոնում». Գագիկ Հարությունյան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան շտապ անհրաժեշտ է, պատերազմ չպետք է սկսվի։

«Իմ այցը տեղի է ունենում Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր և սպառնացող ճգնաժամի նշանի ներքո։ Ռուսաստանի ռազմական գործունեությունը և սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացումը, Ռուսաստանի կողմից ձևակերպված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը մեր բանակցություններում շատ ժամանակ խլեցին։ Ես իմ գնահատականը հայտնեցի անվտանգության իրավիճակի վերաբերյալ, և քննարկեցինք՝ ինչպես ենք մենք և մեր եվրոպացի գործընկերները գնահատում այս իրավիճակը»,- փետրվարի 15-ին ասել էր Շոլցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

Նույն օրը ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ՌԴ հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր։

«Հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերն արդեն սկսել են բեռնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները և այսօր կշարժվեն դեպի իրենց ռազմական կայազորներ»,- ասել էր նա:

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն անդրադառնալով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և այդ համատեքստում Արցախի ընդհանուր անվտանգությանը, նկատեց՝ տեղեկատվական պատերազմների տեխնոլոգիաներով փորձում են մարդկանց գիտակցության մեջ ներմուծել, որ Ուկրաինայում պատերազմն անխուսափելի է։

«Ուկրաինայում անհնար է պատկերացնել մեծ պատերազմ, այն պատմությունը, որը ներկայացվում է համաշխարհային հանրությանը, այն է, որ Ուկրաինան զավթվել է Միացյալ Նահանգների կողմից, այն ունի արտաքին ղեկավարներ, որն էլ դրդում է հարձակվել Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վրա։ Թե ինչպես պետք է վարվել այդ երկու միավորների հետ, նշված է Մինսկի համաձայնություններում, որ պետք է լինեն բանակցություններ Կենտրոնական Ուկրաինայի ղեկավարության և Դոնբասի ու Լուգանսկի ղեկավարների միջև և նրանց տրվի որոշակի կարգավիճակ։ Գուցե դա լինի որպես ֆեդերատիվ հանրապետություն Ուկրաինայի կազմում, և այլն։ Հայտարարությունները, որ ասում են, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, մեծագույն կեղծիք է, և այն տարածում է Ամերիկայի ղեկավարությունը, որն այսօր հետ է կանգնում իր իսկ խոսքերից»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ քաղաքագետի, եթե նույնիսկ ուկրաինացիները փորձեն գրավել Դոնբասը և Լուգանսկը, որտեղի հիմնական բնակչությունը ռուսներ են, որոնք, բնական է, չեն ուզում լինել Ուկրաինայի կազմում, քանի որ ուկրաինական խանութներում չի կարելի անգամ ռուսերենով հաց խնդրել։

«Այս իրավիճակը նման է նրան, ինչ թուրքերն են ուզում կատարել Արցախի նկատմամբ։ Սակայն Ուկրաինայի դեպքում մասշտաբային պատերազմ լինելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ այն ձեռնտու չէ որևէ մեկին, և ռուսները ցույց տվեցին, որ կարող են բավականին կոշտ հակահարվածներ հասցնել։ Իմ հաշվարկներով՝ Միացյալ Նահանգները յուրաքնաչյուր ուկրաինացու մոտ 1500 դոլար է վճարում, որպեսզի նրանք հակառուսական, հակասլավոնական հիստերիա բարձրացնեն։ Կարծում եմ՝ այս իրավիճակում ռուսներն առավել ևս պետք է փորձեն ուժեղացնել իրենց դիրքերն Արցախի Հանրապետությունում, քանի որ այն մնում է իրենց միակ պլացդարմը ռեգիոնում»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը երբևէ չի մտածում իր խաղաղապահ ուժերը հանել Արցախից, հակառակ դեպքում դա կնշանակի՝ խաչ քաշել ամբողջ Հարավային Կովկասի վրա, որտեղ միակ պլացդարմը Հայաստանն ու Արցախն են, որտեղ կան ռուսական զորքեր։

«Քարոզչական բնույթ են կրում նաև տարբեր դեսպանատների հայտարարությունները, որոնք իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Ուկրաինա։ Սա շատ հին տեղեկատվական միջոց է, սա զուտ տեղեկատվական, հիբրիդային պատերազմի ձև է, որը նրանք կիրառում են, և որը պրոֆեսիոնալների համար առաջին իսկ վայրկյանից հասկանալի էր»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս