Նորվեգիան չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը
Նորվեգիայի կառավարությունը փետրվարի 12-ից չեղարկում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն:
«Մենք չեղարկում ենք գրեթե բոլոր սահմանափակումները, այդ թվում և մեկ մետր հեռավորության պահպանումը, պաշտպանական դիմակի կրումն ու մեկուսացման պահանջը»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ համավարակն այլևս չի սպառնում բնակչության մեծ մասի առողջությանը, քանի որ օմիկրոն շտամը ավելի թեթև ընթացք է ունենում, իսկ բնակչությանը մեծամասամբ պաշտպանված է պատվաստանյութի միջոցով:
Ավելի վաղ չեղարկվել էին հեռավար աշխատանքի, տանը հյուրեր ընդունելու, փակ տարածքում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները: Ինքնամեկուսացման ժամկետը վեց օրից նվազեցվել է չորսի:
Թագավորություն մուտք գործելիս այլևս կորոնավիրուսի թեստի պատասխան չեն պահանջելու:
Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում է անցել 12 տարեկանից բարձր բնակչության 80 տոկոսը: