Starship կրող հրթիռի առաջին ուղեծրային թռիչքը կկայանա 2022 թվականին. Իլոն Մասք
SpaceX ամերիկյան օդատիեզերական ընկերության ստեղծողը՝ Իլոն Մասքը, հայտարարել է, թե վստահ է, որ այս տարի կանցկացվի Starship գերծանր կրող հրթիռի առաջին ուղեծրային թռիչքը, որն օգտագործվելու է Լուսնի վրա մարդու իջնելու ժամանակ։ «Ես վստահ եմ, որ մենք (Starship-ը) ուղեծիր կարձակենք այս տարի»,-Մասքը հայտնել է շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված էր Starship-ի նախագծի վրա աշխատանքի առաջընթացին:
Ավելի վաղ հրթիռի թռիչքը պլանավորվել էր 2022 թվականի փետրվարին, սակայն լիցենզիա ստանալու հետ կապված խնդիրների պատճառով այն հետաձգվել է: Այժմ թռիչքի ամենավաղ հնարավոր ամսաթիվը, եթե ընկերությանը լիցենզիա տրվի, նշվում է 2022 թվականի մարտը: Ընկերության պլանի համաձայն, երկսանդղավոր կրող հրթիռը պետք է մեկնարկի Տեխասի հարավի SpaceX մասնավոր տիեզերակայանից: 2019 թվականի սեպտեմբերին NASA-ն դիմել է մասնավոր ընկերություններին՝ առաջարկելով մասնակցել ինովացիոն նախագծերի ստեղծման մրցույթին, որն անցկացվելու է Լուսնի վրա 2024 թվականին մարդու իջեցման համակարգի մշակման ծրագրի շրջանակներում:
Պարտավորագիր ստանալու մրցույթին մասնակցել են SpaceX-ը, Dynetics-ը եւ Blue Origin-ը՝ Lockheed Martin-ի, Northrop Grumman-ի եւ Draper-ի հետ գործընկերությամբ: 2021 թվականի ապրիլին NASA-ն հայտարարել է, որ 2024 թվականին տիեզերագնացների Լուսին իջեցնելու պարտավորագիրն ստացել է Իլոն Մասքի SpaceХ ընկերությունը, որը պետք է մշակի Starship HLS վայրէջքային մոդուլը՝ մարդու անվտանգ Լուսին վերադառնալու համար: 2020 թվականի սեպտեմբերին NASA-ն հրապարակել է «Արտեմիդա» պլանը, որի համաձայն, տիեզերական գերատեսչությունների առջեւ դրված է 2024 թվականին մարդու անվտանգ Լուսին վերադառնալու խնդիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: