Սուրբ Սարգիս. աղի բլիթից մինչև երիտասարդների օրհնության օր
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 12-ին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, որը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։
Տոնի խորհրդի, իմաստի և այս օրերին սպասվող անակնկալների մասին «Արմենպրես»-ի փոդքաստ տաղավարում զրուցելու ենք Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ։
Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների սիրո արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այս օրը սուրբ պատարագ է մատուցվում բոլոր Սբ. Սարգիս անունը կրող եկեղեցիներում, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի է բերվում Սբ. Սարգսի մասունքակիր աջը: Այդ օրը շատ տարածված են ուխտագնացությունները զորավարի անունը կրող եկեղեցիներ: Ամենահին և ամենանշանավոր սրբավայրերից է Ուշիի Սբ. Սարգիս վանքը, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են Սուրբ Սարգսի մասունքները:
Այս տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում հանդիպող շաբաթ օրը։ Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առիթով միմյանց նվերներ են պատրաստում:
Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սուրբն է, որին դիմում են առանձնակի ջերմեռանդությամբ և խոր հավատքով՝ ապավինելով ամենահաս և արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությանը: Ճիշտ է Սբ. Սարգիսը հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ: Քրիստոնեական հավատքի մեկնիչը, իր ապրած կյանքով սիրելի դարձավ ողջ քրիստոնյա ժողովրդի կողմից:
Այն, որ Սբ. Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերիս մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված վանքերը: Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սբ. Սարգսի անվամբ: Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է: Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր գյուղեր, մենաստաններ:
Շնորհք արքեպիսկոպոսը իր աշխատության մեջ հետևյալ կերպ է ներկայացրել Սբ. Սարգսին. «Սուրբ Սարգիսը ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում: Մյուս եկեղեցիները մեծ կարևորություն չեն տվել նրա հիշատակին և եթե մինչև իսկ հնում հիշատակել են նրան, այսօր գրեթե մոռացության են տվել: Իսկ մեր մեջ, ընդհակառակը, ամենամեծ ժողովրդականություն շահած սրբերից է, ուստի մենք կդասենք նրան հայազգի սրբերի շարքին»:
Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սբ. Սարգիսը ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում: Մարտնչող նահատակը ջերմեռանդ և գթասիրտ քրիստոնյա էր, սիրում էր Աստծուն ողջ սրտով և զորացած էր Սուրբ Հոգով: Նա զորական էր և նրա իշխանության ներքո կար մի զորագունդ: Արքունական հրամանով կարգված էր ծառայության Կապադովկիայի թագավորական զորքում: Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սբ. Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը: Քրիստոնեություն էր քարոզում նաև իր գնդի զինվորներին: Կառուցում էր եկեղեցիներ, ամենուր օգնում էր ժողովրդին իր ունեցվածքով, աղքատներին ողորմություն անում, պաշտպանում էր խեղճերին ու տկարներին: Ուժեղ և քաջարի զորավար լինելով՝ նա ոչ թե բռնությամբ էր թելադրում իր կամքը, այլ փորձում էր հնազանդությամբ ու գթասրտությամբ վերաբերվել իր զինվորներին ու նույնիսկ իր թշնամիներին:
Բարեպաշտ Կոստանդիանոսի և նրա որդիներից հետո գահին է բազմում Հուլիանոս Ուրացող կայսրը: Ամբարիշտ Հուլիանոսի թագավորության ժամանակ աստվածային հայտնությամբ Սբ. Սարգսին թելադրվում է հեռանալ Հռոմեական կայսրության սահմաններից: Նա իր որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան: Սակայն հայոց Տիրան արքան, վախենալով Հուլիանոսի հետ պատերազմի մեջ մտնելուց, խորհուրդ է տալիս Սբ. Սարգսին հեռանալ Հայաստանից և գնալ Պարսկաստան: Պարսից Շապուհ արքան, տեղեկացված լինելով Սբ. Սարգսի քաջագործությունների մասին, մեծ ուրախությամբ ընդունում է նրան և առաջին զորագլուխներից մեկը կարգում: Սբ. Սարգիսը այստեղ էլ մեծ համբավ է ձեռք բերում՝ իբրև քրիստոնյա քաջ զորավար: Բազմաթիվ պատերազմներում Աստծո օգնությամբ մեծ հաղթանակներ է ունենում, այդ թվում և Հուլիանոս Ուրացողի դեմ պատերազմում: Մեծ էր նրա ազդեցությունը պարսիկ զորքի վրա նրանցից շատերը սրբի քարոզչության շնորհիվ ընդունում են քրիստոնեությունը: Սբ. Սարգիսը, բազմաթիվ կենդանիներ էր մորթել տալիս և առատորեն բաժանում աղքատներին: Դրանով իսկ նա փորձում էր օրինակ ծառայել իրեն ենթակա զինվորներին, որոնք կուռքերին էին զոհ մատուցում, փոխանակ աղքատներին ողորմեն:
Չարախոսները Շապուհ արքային հայտնում են նրա քրիստոնյա լինելը: Երբ թագավորը իմանում է, որ Սբ. Սարգիսը քրիստոնյա է և իր զինվորներին նույնպես քրիստոնեության է մղում, մեծ հիասթափություն է ապրում, քանի որ չէր ցանկանում նրա նման քաջ մարդուն կորցնել և այդ ամենից դուրս գալու տրամաբանական ելքեր էր փնտրում:
Շապուհ արքան աստվածների տոնին հրամայում է բոլորին, այդ թվում և Սբ. Սարգսին ու իր որդուն, հավաքվել ատրուշանների մոտ կրակ վառելու և զոհ մատուցելու արքունի մեհյանում՝ ըստ պարսկական օրենքի: Սբ. Սարգիսը անվարան մերժում է, ասելով, որ ինքը պաշտում է կրակի ու արևի Արարչին և երկրպագում է նրան, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ով կենդանի է և հավիտենական. «Դուք բոլորդ պարտավոր եք երկրպագել և փառավորել միակ ճշմարիտ Աստծուն, իսկ կրակը և կուռքերը աստված չեն, որոնք մարդը կարող է ոչնչացնել»: Եվ խոսքը գործի վերածելով՝ կործանում է բագինն ու հանգցնում կրակը: Զայրացած մոգերը և ամբոխը, հարձակվելով Սբ. Սարգսի և նրա որդու վրա, սկսում են ծեծել և չարչարել նրանց: Ամբոխի զոհն է դառնում Սբ.Սարգսի որդին Մարտիրոսը՝ հորից առաջ ընդունելով մարտիրոսական պսակը: Թագավորը Սբ. Սարգսին բանտն է նետում, հույս ունենալով, որ նա կարող է զղջալ ու կռակապաշտ դառնալ: Սակայն տեսնելով Սբ. Սարգիս զորավարի հաստատուն հավատքը՝ թագավորը գլխատման վճիռ է արձակում: Գլխատման վայրում նա սկսում է աղոթել. «Ով Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, ովքեր կհիշեն իմ անունը նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակը ուխտով և պատարագով, ինչ որ ուզեն քեզանից, լսի՛ր և շնորհի՛ր նրանց խնդրանքը»:
Նահատակվում է Սբ. Սարգիսը և նույն պահին ծագում է երկնային լույսը և շրջապատում նրա մարմինը իր ցոլքերով: Նահատակվում է, բայց չի մեռնում: Տիրոջ ձայնը ասում է. «Զորացի՛ր, քաջ նահատակ Քրիստոսի, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանելու, որովհետև բացվեց քեզ համար Երկնքի Արքայության դուռը: Ինչ որ խնդրեցիր Աստծուց, տրվեց քեզ: Եվ հավատացյալների կողմից կատարված խնդրվածքները պիտի կատարվեն Աստծո կողմից»:
Տասնչորս պարսիկ զինվորները, ովքեր հավատարմորեն հետևում էին Սբ. Սարգսին, տեսնելով այս ամենը, ավելի ամուր են հաստատվում իրենց քրիստոնեական հավատքի մեջ: Նրանք վերցնում են սրբի մարմինը, որպիսի պատվով թաղեն: Բայց Շապուհ թագավորի հրամանով նրանք ևս գլխատվում են: Թագավորը հրամայում է նրանց մարմինները գազանների առջև նետել: Ի զարմանս ներկաների՝ ոչ մի գազան չի դիպչում նահատակ մարմիններից և ոչ մեկին: Այդժամ հավատացյալները թաղում են Սուրբ Սարգսի, Մարտիրոսի և 14 զինվորների սուրբ մարմինները Համիան քաղաքի մոտ:
Ավանդության համաձայն՝ հետագայում Սբ. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխում է Ուշի, որտեղ եկեղեցի է կառուցվում նրա անունով: