«Մանվել Փարամազյանին կալանավորելու որևէ հիմք չկա, միայն վերևից եղած այն առերևույթ զանգն է եղել». Երվանդ Վարոսյան

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, այս մասին այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր Մ. Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

168.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանը նշեց, որ դատարանի այս որոշումը կբողոքարկեն։

Հարցին՝ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել դատարանը, Երվանդ Վարոսյանը պատասխանեց.

«Որևէ հիմք չկար, միայն վերևից եղած այն առերևույթ զանգն է եղել, ոը ստացել է Վերաքննիչ դատարանի  դատավորի կողմից։ Բանականության մեջ տեղավորվող որևէ այլ հանգամանք չկա։

Դատելով դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքից և վերաքննիչի դատական նիստի ընթացքից, կարող եմ ասել, որ տրամաբանության մեջ, էլ չասեմ՝ իրավունքի ու օրենքի դաշտում տեղավորվող հիմնավորում ու պատճառաբանություն գոյություն չունի և չի կարող ունենալ»։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր հուլիսի 9-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

Մի քանի ամիս անազատության մեջ մնալուց հետո՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 70 միլիոն դրամի չափով գրավի դիմաց փոխվել էր նրա խափանման միջոց կալանավորումը։

Տեսանյութեր

Լրահոս