«Նման դիրքորոշում հայտնել են այն մարդիկ, որոնք ունեն մտավախություններ․ ես գիտեմ, թե իրենք նախկինում ինչպես են գործել». Գրիգոր Մինասյան
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին հարց ուղղեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Freedom House-ի տարածած հայտարարությունը, որը լուրջ մտահոգություն է հայտնել վիրավորանքը, հայհոյանքը քրեականացնող օրենքի վեաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին չեղարկել այն։
«Բոլորս ականատես եղանք, որ այդ իրավունքի չարաշահում կար մեր երկրում, այդ պատճառով էլ նպատակահարմար են գտել նման օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Ինչ վերաբերում է մեր գործընկերների մտահոգություններին, բնականաբար, դրանք բոլորը լսել են։ Ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծվեր, այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»,- նշեց Գրիգոր Մինասյանը։
Ինչ վերաբերում է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելուն, Գրիգոր Մինասյանն ասաց, որ նախարար Կարեն Անդրեասյանի հետ ունեն երկար տարիների գործընկերային փորձ, ուստի ինքը համաձայնել է միանալ թիմին։
«Ես ցանկություն եմ հայտնել միանալու այս թիմին և կիսում եմ նրանց սկզբունքները։ Հույս ունեմ, որ այն փորձը, որն ունեմ փաստաբանության ոլորտում, պիտանի կլինի, ամեն գնով փորձելու եմ լավ արդյունքներ տալ»,- հավելեց Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ իր համար ընդունելի՞ է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները եղել են «կոշիկ լիզողներ», «վնգստացող դատավորներ» և այլն, Գրիգոր Մինասյանը պատասխանեց, թե հարցն ավելի շատ նման է քաղաքական հայտարարության։
«Կան քաղաքական հայտարարություններ, և մենք բոլորս պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ ապրելով Հայաստանում և լինելով ՀՀ քաղաքացի՝ ուզում ենք ունենալ լավ դատաիրավական համակարգ։ Ունենք դատաիրավական համակարգի ռազմավարություն, և այնտեղ բոլոր այն մտահոգությունները, որոնք ունեն մեր քաղաքացիները, առկա են»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է այն պատճառով, քանի որ մշտապես քննադատել է Միքայել Մինասյանին և նախկին իշխանություններին, Գրիգոր Մինասյանը նկատեց՝ այդ ամենն անարդար մոտեցում է։
«Նման դիրքորոշում հայտնել են այն մարդիկ, որոնք ունեն մտավախություններ, քանի որ ես գիտեմ, թե իրենք նախկինում ինչպես են գործել։ Սա է պատճառը, որ նման քննարկումներ են տեղի ունենում։ Ես այս թիմում եմ, որովհետև, կրկնում եմ՝ երկար տարիներ աշխատել եմ Կարեն Անդրեասյանի հետ և կիսում եմ իր ու թիմի սկզբունքները, ուզում եմ մի լավ գործ անեմ»,- շեշտեց նա։