«Երբ Ադրբեջանը վստահ եղավ իր ուժերի վրա, պատերազմը կսկսվի»

Հարցազրույց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովի հետ

– Պարոն Սկակով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չկա` հատկապես սաֆարովյան գործից հետո: Արդյո՞ք դա պայմանավորված է միայն Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններով:

– Նախևառաջ պետք է հասկանալ, որ խաղաղության գործընթացում ոչ միայն չկա առաջընթաց, այլ այն ակնհայտ հետընթաց է ապրում: Կարծում եմ, որ վերջին հնարավորությունը` հասնելու հաջողության, կողմերը կորցրեցին ռուս-վրացական պատերազմից հետո:

Ադրբեջանը շատ վախեցած էր այդ դեպքերից, Թուրքիան նույնպես վախեցած էր Ռուսաստանի պահվածքով, և ինքներդ գիտեք` քայլ կատարեց Հայաստանին ընդառաջ, և ստեղծվեց շատ բարենպաստ իրավիճակ` տվյալ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բայց հնարավորությունը բաց թողնվեց, ամեն ինչ ավարտվեց ընդամենը Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի նախագահների անատամ հայտարարությամբ: Իսկ դրանից հետո գործընթացը սկսեց հետընթաց ապրել` դեպի իրական պատերազմ: Այն, որ դեռևս պատերազմ չի սկսվել, դա ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի, ռուսների կամ ամերիկացիների շնորհիվ է, այլ երևի կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանում կարծում են, թե առայժմ պատրաստ չեն պատերազմի:

Կարդացեք նաև

Երբ նրանք վստահ եղան իրենց ուժերի վրա` սկսելու պատերազմական գործողություններ, պատերազմը կսկսվի Ադրբեջանի կողմից: Խնդիրն այն է, որ ցանկացած ընտրություններ` Հայաստանում, Ադրբեջանում կամ մեկ այլ երկրում, ոչ մի կերպ չեն ազդում տարածաշրջանի իրավիճակի վրա, նրանք միայն ազդում են քաղաքական էլիտաների վարքի վրա: Հարցն այն է, որ Ադրբեջանը ոչ մի հնարավորություն չունի վերադարձնելու Ղարաբաղը խաղաղ ճանապարհով: Ղարաբաղն արդեն ունի կայացած հասարակություն, ունի բավական մեծ բնակչություն և զինված ուժեր, և այն վերադարձնել խաղաղ ճանապարհով չի հաջողվի` հատկապես սաֆարովյան գործից հետո:

Սաֆարովի գործը, մեծ հաշվով, ապտակ էր հայ ժողովրդին, և պարզ դարձավ, որ այդ դեպքից հետո հայերի և ադրբեջանցիների համատեղ կեցությունը մեկ երկրում հնարավոր չի լինի դեռ երկար ժամանակ: Այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա գտնվող հարաբերություններն են նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում, ավելի վատ հարաբերություններ ոչ մի տեղ չկա. օրինակ` վրացիների և աբխազների հարաբերությունները, քիչ թե շատ, լավ են, նույնը կարելի է ասել վրաց-օսական հարաբերությունների մասին, չնայած նրանց միջև եղավ պատերազմ, մարդիկ շփվում են իրար հետ, և նրանց միջև չկա թշնամանք: Բայց այն, ինչ կատարվում է հայերի և ադրբեջանցիների միջև, դուրս է խելամտության բոլոր սահմաններից:

– Այսինքն` Դուք տեսնո՞ւմ եք պատերազմի վերսկսման հնարավորություն:

– Այո՛, իհարկե տեսնում եմ: Կարծում եմ` ցավոք սրտի, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ՆԱՏՕ-ի երկրները կամ Եվրամիությունը ոչինչ չեն անում, որպեսզի կանխեն պատերազմի վերսկսումը: Նրանք պետք է ավելի հստակ և խիստ կերպով արտահայտեն իրենց դիրքորոշումը, որ պատերազմն անընդունելի է, և այդ միտքը հասցնեն և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, և՛ Լեռնային Ղարաբաղին:

Խնդիրն այն է, որ հարձակվելու դեպքում` Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ հնարավոր ագրեսիան մատուցելու է` որպես իր ներքին խնդիրը: Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա, Ադրբեջանը հարձակվելու է սեփական Լեռնային Ղարաբաղի վրա: Ստացվում է, որ Հայաստանը, չճանաչելով ԼՂՀ-ի անկախությունը, դրանով իսկ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դե յուրե այդպես է ստացվում: Այսինքն` ձեր պատասխանը ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային, կլինի ագրեսիա Ադրբեջանի նկատմամբ, և ագրեսորն արդեն կլինի ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը:

– Այսինքն` ըստ Ձեզ, Հայաստանը պետք է ճանաչի՞ ԼՂՀ-ի անկախությունը:

– Կարծում եմ` այո՛: Իմ կարծիքով` բոլոր պատճառաբանությունները, թե ԼՂՀ-ի անկախության ճանաչումը հարված կլինի խաղաղության գործընթացին, չեն աշխատում, դա երեսպաշտություն է, որովհետև չկա ոչ մի խաղաղության գործընթաց: Դու չես կարող խաթարել այն, ինչ գոյություն չունի: ԼՂՀ-ի ճանաչումը կլինի երաշխիք, որպեսզի դուք կարողանաք միջամտել այդ հակամարտությանը, հակառակ դեպքում` Բաքուն դա կներկայացնի` որպես Ադրբեջանի ներքին հարց:

– Վերջին շրջանում մամուլում քննարկվում է այն թեման, որ եթե կողմերը չկատարեն վճռական քայլեր` խաղաղ համաձայնության հասնելու համար, հակամարտությանը կարող են միջամտել գերտերությունները: Ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի մասին:

– Եթե դիտարկենք վատագույն սցենարը, այսինքն` եթե Ադրբեջանը, վստահ լինելով սեփական ուժերի վրա կամ օգտվելով միջազգային իրադրությունից, պատերազմ է սկսում ԼՂՀ-ի նկատմամբ, այդ դեպքում ակնհայտ է, որ նրան չի հաջողվի հարցը լուծել պատերազմի միջոցով:

Առավելագույնը, ինչ կարող է նա անել, սահմանում իր դիրքերի բարելավումն է, այսինքն` կարող է գրավել ինչ-որ մարտական կետ, բարձունք, գյուղ, բայց մեկ-երկու շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում Ադրբեջանը չի կարողանա գրավել ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Նրան ոչ ոք թույլ չի տա մեկ ամսից ավելի պատերազմելու, այսօր պատերազմները շատ ավելի արագ են ավարտվում: Ադրբեջանի հարձակման դեպքում` նրա վրա ճնշում կգործադրվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի պատերազմը դադարեցվի:

Պատերազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջան կմտնեն ինչ-որ խաղաղարար ուժեր: Ո՞ւմ կողմից կմտցվեն այդ ուժերը: Կարծում եմ` դրանք չեն լինի ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի, ո՛չ էլ Վրաստանի կողմից, չի լինի նաև Ռուսաստանը, որովհետև նա Մինսկի խմբի անդամ է, չեն լինի ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Ամենայն հավանականությամբ` դրանք կլինեն ՆԱՏՕ-ի երկրները: Այդ դեպքում` իհարկե, Ղարաբաղը կմնա, Ղարաբաղի բնակչությունը կմնա իր տեղում, բայց հավանաբար կկիրառվի հետևյալ սցենարը, օրինակ` խաղաղարար ուժերը կարող են տեղակայվել ինչպես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում, այնպես էլ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, և այդպիսով կստեղծվի մի յուրօրինակ բուֆերային գոտի: Հնարավոր է` այդ բուֆերային գոտին իր մեջ չի ընդգրկի Լաչինի և Քելբաջարի շրջանները, որովհետև հասկանալի է, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի պահպանման համար:

Բայց մյուս քաղաքները` Աղդամ, Ֆիզուլի, և այլն, լիովին կարող են մտնել այդ բուֆերային գոտու մեջ, և ադրբեջանցի փախստականները կվերադարձվեն այդ տարածքները: Այդ դեպքում` Ալիևը կարող է ասել, որ «տեսեք, մենք սկսեցինք պատերազմը և հասանք հաջողության, իհարկե, ոչ ամբողջական, բայց ինչ-որ բան կարողացանք անել` վերադարձրեցինք փախստականներին»: Եվ դրանով նա կպահպանի իր դեմքը և կարող է հպարտանալ, որ ինչ-որ մի լավ բան է արել իր ժողովրդի համար:

– Այսինքն` այս սցենարն ավելի շատ դիտարկում է Ալիև՞ը:

– Կարծում եմ` սա այն սցենարն է, որը նա հաշվի է առնում: Այս սցենարը երևի թե ավելի շատ ոչ թե ինքն է դիտարկում, այլ Արևմուտքը` ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները: Կարծում եմ` այդ դեպքում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնիշխանության աստիճանը շատ ավելի ցածր կդառնա, քան այսօր է: Այսինքն` այո՛, ինքնիշխան երկրներ են, ամեն ինչ լավ է, մարդիկ ապրում են, բայց նրանք արդեն կախված կլինեն արտաքին ուժերից:

– Վերջին շրջանում արդիական են դարձել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների վերաբերյալ քննարկումները` եվրոպակա՞ն ինտեգրացիա, թե՞ Մաքսային, ապագայում` Եվրասիական միություն:

– Պետք է հասկանալ երկու հանգամանք, առաջինն ավելի շատ Եվրամիության օգտին է: Այսինքն` բոլորը գիտեն, թե ի՞նչ է Եվրամիությունը, և բոլորը գիտեն, թե ի՞նչ ունի նա: Բայց թե ի՞նչ է Եվրասիական միությունը, ոչ ոք չգիտի: Կա միայն միֆ դրա մասին. պարզապես Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջ քաշեց Եվրասիական միության ստեղծման գաղափարը: Դա երևի ավելի շատ մի քայլ էր` ներքին, այլ ոչ թե արտաքին քաղաքականության համար: Այն չունի որևէ կոնկրետ ծրագիր կամ քարտեզ և ստեղծման որևէ ժամկետ, այսինքն` այն պարզապես մի միֆ է, այն չկա: Իսկ Եվրամիությունը կա:

Այլ հարց է Մաքսային միությունը. Մաքսային միությունը կա: Եվ այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, հիմք չէ` չանդամակցելու այդ միությանը: Մենք ունենք անկլավ` օրինակ` Կալինինգրադի շրջանը, որը չունի սահման Ռուսաստանի հետ, բայց դա չի խանգարում Ռուսաստանի մի մասը լինելուն: Ցանկացած միություն կարող է սահմաններ չունենալ Հայաստանի հետ, բայց Հայաստանը կարող է դրան անդամակցել:

Սա` առաջին դիտարկումը: Մյուս կողմից` եկեք դիտարկենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները: Սաֆարովի գործը: Մի՞թե կարծում եք, որ Հունգարիան ազատեց Սաֆարովին` առանց Բրյուսելի թույլտվության: Ես դրան չեմ հավատում: Հունգարիան մեծ խնդիրներ ունի Եվրամիության ներսում, նրա կառավարությունը` Օրբանի գլխավորությամբ, խիստ հարձակումների է ենթարկվում Բրյուսելի կողմից` իր վարած քաղաքականության համար:

Եվ այսպիսի խոցելի իրավիճակում Օրբանը չէր գնա այդ քայլին` առանց Բրյուսելի սանկցիայի, այսինքն` ԵՄ-ն տվեց սանկցիա` Սաֆարովի ազատման համար: Սա ի՞նչ է, բարի կամքի դրսևորո՞ւմ Հայաստանի նկատմամբ:

– Դուք նշեցիք Կալինինգրադի շրջանի մասին: Ամեն դեպքում Հայաստանը համեմատելի չէ Կալինինգրադի հետ և Ռուսաստանի անկլավը չէ:

– Կարծում եմ` Հայաստանը կարող է լինել անկլավ` Մաքսային միության համար:

– Իսկ ի՞նչ կարող է տալ Մաքսային միությունը Հայաստանին:

– Խոչընդոտների վերացում ցանկացած առևտրային գործարքի համար` Մաքսային միության շրջանակներում, ազատ շուկա:

– Իսկ այն կարո՞ղ է համատեղելի լինել ԵՄ-ի Ազատ առևտրի համաձայնության հետ:

– Կարծում եմ` կարող է: Ինչո՞ւ չի կարող: Որևէ մեկը մինչ օրս չի ասել, թե ինչո՞ւ նրանք չեն կարող համատեղելի լինել: Պետք է բացատրել և ապացուցել, թե ինչո՞ւ են այդ երկու գործընթացներն անհամատեղելի: Ոչ ոք չի տվել այդպիսի բացատրություն, ո՛չ Էշթոնը, ո՛չ Քլինթոնը:

– Նշանակում է` նրանց հայտարարություններն ավելի շատ քաղաքական ազդանշաննե՞ր են:

-Կարծում եմ` այո՛: Կա ձգտում` Հայաստանին պոկելու Ռուսաստանից, հարվածելու Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, այդպիսի ցանկություն ունի որևէ մեկն Արևմուտքում: Այդ ցանկությունները կապ չունեն իրականության հետ:

– Իսկ Եվրամիության և Ռուսաստանի կողմից արվող առաջարկություններն ինչ-որ կերպ կարող են կապ ունենալ Հայաստանի գալիք նախագահական ընտրությունների հետ:

– Կարծում եմ` ձեր ընտրությունների ելքը միանգամայն պարզ և կանխատեսելի է, և ցանկացած առաջարկ դրանց հետ կապել չարժե, քանի որ ձեզ մոտ արդեն ամեն ինչ ամբողջովին պարզ է և ակնհայտ:

– Իսկ ի՞նչն է պարզ:

– Այն, որ դուք կունենաք հին և նոր նախագահ (ծիծաղում է.- Ա.Ս.):

– Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Իսկ ուրիշ ո՞վ կարող է լինել: Ձեզ մոտ չկա այլընտրանք, նույն խնդիրն է, ինչ կար մեր երկրում, այսինքն` նախագահը չունի իրական այլընտրանք: Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որտե՞ղ է այլընտրանքը:

– Իր թեկնածությունն է առաջադրել, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

– Կարծում եմ` նրա հնարավորությունները շատ փոքր են: Հնարավորություններ ունի Սերժ Սարգսյանը, նա ունի բոլոր հնարավորությունները: Հարցը միայն այն է, թե քանի տոկոս նա կհավաքի, 70, 60 կամ 50-ից բարձր: Կարծում եմ, նա ավելին կստանա, քան 50-ից բարձր, միգուցե 60 կամ 70 տոկոս:

– Մենք գիտենք գերտերությունների քաղաքականությունը, որ նրանք լեգիտիմ են ճանաչում որևէ երկրում տեղի ունեցած ընտրությունները` ելնելով միայն սեփական աշխարհաքաղաքական շահերից` անկախ նրանից, թե դրանք իրականում լեգիտի՞մ են եղել, թե՞ ոչ: Այս իրավիճակում գերտերությունների կողմից Հայաստանի նախագահի ընտրության ճանաչումն ինչի՞ց կախված կլինի:

– Կճանաչեն, կճանաչեն:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ձեր նախագահն ամբողջովին գոհացնում է և՛ Մոսկվային, և՛ Արևմուտքին: Ուստի այստեղ ոչ մի խնդիր չի ծագի, առավել ևս, եթե հաշվի առնենք ստեղծված այնպիսի իրավիճակը, երբ գործող նախագահը չունի իրական այլընտրանք, ընտրախախտումներն, իհարկե, կլինեն, դրանք անխուսափելի են, բայց դրանք կհասցվեն նվազագույնի: Ինչո՞ւ անել խախտումներ, եթե միևնույն է` հաղթում ես ընտրություններում:

– Իսկ ըստ Ձեզ` ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

– Հարցը մի փոքր բարդ է, որովհետև մի հարց է, երբ ընտրություններն անցկացվում են օրենքին համապատասխան, առանց խախտումների, և այլն, և մեկ այլ հարց է, երբ ընտրություններն անցկացվում են ժողովրդավարության կանոններին համապատասխան: Ցանկացած ժողովրդավարություն ենթադրում է այլընտրանքի առկայություն: Մենք լավ հիշում ենք ԱՄՆ-ի ընտրությունները. մինչև վերջին պահը ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է հաղթելու, և երկուսն էլ հաղթելու հնարավորություններ ունեին: Նույն վիճակն էր Ֆրանսիայի ընտրությունների ժամանակ` Սարկոզի՞, թե՞ Օլանդ: Այսինքն` կար այլընտրանք, որը չկա ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում: Ուստի, կարծում եմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը դեռ շատ հեռու են իրական ժողովրդավարությանը հասնելուց:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս