Բաժիններ՝

BlueNoroff-ը դատարկում է կրիպտոարժութային ստարտափների հաշիվները

«Կասպերսկի» ընկերության փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրել են վնասաբեր արշավ, որի թիրախում են տարբեր երկրների կազմակերպություններ, հիմնականում ստարտափներ, որոնք աշխատում են կրիպտոարժույթների, խելացի գործարքների, ապակենտրոնացված ֆինանսների, բլոկչեյնի հետ: Ըստ մի շարք նշանների՝ այս արշավը, որն ստացել է SnatchCrypto անվանումը, կապ ունի արդեն հայտնի, բարդ թիրախային գրոհներ իրագործող BlueNoroff խմբավորման հետ, որը, մասնավորապես, կանգնած է եղել 2016-ին Բանգլադեշի կենտրոնական բանկի վրա գրոհի ետևում։

Ընկերության տվյալներով՝ արշավը լուծում է տեղեկատվության հավաքագրման և անմիջականորեն կրիպտոարժույթների գողության խնդիրները. առաջին հերթին հետաքրքիր են օգտատերերի հաշվեգրերը, IP-հասցեները, գործարքների սեսիաների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև այն ծրագրերի կոնֆիգուրացիոն ֆայլերը, որոնք անմիջականորեն աշխատում են կրիպտոարժույթի հետ (դրանք կարող են պարունակել հաշվառման տվյալներ և այլ տեղեկատվություն հաշվեգրերի մասին):

Հանցագործների կողմից օգտագործվող մեթոդներից մեկը կապված է կրիպտոդրամապանակների կառավարման համար նախատեսված հայտնի բրաուզերային ընդլայնումների հետ: Նրանք կարգավորումներում որպես ընդլայնման աղբյուր պաշտոնական վեբ-խանութի փոխարեն նշում են տեղային պահոցը և այդպիսով ընդլայնումը փոխարինում ծրագրի սեփական տարբերակով՝ այն օգտագործելով գործարքների մշտադիտարկման համար: Chrome-ի համար նախատեսված Metamask ընդլայնման օգնությամբ նրանք նաև կարող են փոխել գործարքների տրամաբանությունը, և այս մեթոդը թույլ է տալիս միջոցներ հափշտակել դրամապանակից, նույնիսկ եթե օգտատերը կրիպտոարժույթի փոխանցումների ստորագրության համար կիրառում է ապարատային դրամապանակ:

Փորձագետները պարզել են, որ չարագործներն օգտագործում են սոցիալական ինժեներիան, որպես կանոն, գոյություն ունեցող վենչուրային ընկերությունների նամակներ նմանակելով՝ կցելով մակրոսների աջակցությամբ փաստաթուղթ, որը բացելն արդյունքում հանգեցնում է բեկդորի ներբեռնման:

«Քանի որ չարագործները մշտապես խաբեության նոր միջոցներ են հնարում, նույնիսկ փոքր բիզնեսին անհրաժեշտ է իր աշխատակիցներին սովորեցնել կիբեռանվտանգության հիմունքները։ Սա հատկապես կարևոր է, եթե ընկերությունն աշխատում է կրիպտոդրամապանակների հետ. արժե հիշել, որ կրիպտոարժութային ծառայություններն ու ընդլայնումները գրավիչ թիրախ են ինչպես կիբեռխմբերի, այնպես էլ շարքային խարդախների համար, ուստի դրանք լավ պաշտպանության կարիք ունեն»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) ավագ հետազոտող Սոնսու Պակը (Seonsgu Park)։

Հաղորդվում է, որ Metamask մոդիֆիկացված ընդլայնման կիրառման համար չարագործները ստիպված են բրաուզերը բերել մշակողի ռեժիմ և տեղադրել ընդլայնումը տեղային կատալոգից, այլ ոչ թե առցանց պահոցից: Դա հեշտ է ստուգել ինքնուրույն. եթե ռեժիմը փոխված է առանց օգտատիրոջ իմացության, իսկ ընդլայնումը բեռնված է տեղային կատալոգից, ուրեմն գործերը վատ են։

Պաշտպանության համար անհրաժեշտ է աշխատակիցներին սովորեցնել կիբեռանվտանգության հիմունքները; ժամանակին թարմացնել կրիտիկական կարևոր հավելվածները (այդ թվում՝ օպերացիոն համակարգը և գրասենյակային փաթեթը); համացանցին միացված ցանկացած համակարգիչ ապահովել հուսալի պաշտպանական լուծմամբ; հնարավորության դեպքում օգտագործել Endpoint Detection and Response լուծումներ, որոնք թույլ են տալիս բացահայտել բարդ սպառնալիքները, ինչպես նաև հեշտացնել կիբեռմիջադեպերի հետաքննությունն ու դրանց արձագանքելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31