Երևանի քաղաքապետի խորհրդականը աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել
Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
«Իմ գործունեության հետ կապված կան որոշակի զարգացումներ, որոնց մասին կուզենայի անձամբ կիսվել իմ ընկերների, ոչ անտարբեր ծանոթների և համախոհների հետ։
Առաջին՝
Հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել եմ իմ պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։
Երկրորդ՝
Իմ ուժերի և հնարավորության չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի ձեռք բերված գիտելիքներն ու փորձս, լայն մասնագիտական շրջանակներում կապերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն Երևանի զարգացման տեսլականի ձևավորման համար: Համախոհներիս և գործընկերներիս հետ համատեղ մշակված բոլոր հեռանկարային նախաձեռնությունների իրականացումն ու սկիզբ առած գործընթացների շարունակականության ապահովումը մնալու են իմ առաջնահերթությունների շարքում»։