«Մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, և դա առաջին հերթին՝ սահմանի բացումն է». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 14-ին Մոսկվայում Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպմանը:
Ըստ նրա՝ այդ հանդիպումները և առհասարակ սկսված գործընթացը կախված է կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից:
«Հայկական կողմի ցանկություն է, որպեսզի հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային քննարկումների մեջ, այսինքն՝ սուբստանտիվ բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, և դա առաջին հերթին՝ սահմանի բացումն է: Մենք ասել ենք և ասում ենք հետևյալը՝ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների անցնել հարաբերությունների կարգավորման, ինչը ենթադրում է սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ նրա, Հակոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված պայման, որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման: Այս առումով այսօր էլ որևէ բան չի փոխվել:
«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, դա նշանակում է, որ նույնն ակնկալվում է մյուս կողմից: Այսինքն՝ առանց նախապայմանների, նշանակում է՝ առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա Արցախի կարգավիճակի հարցն այլ ֆորմատում քննարկվող, այլ հարթության հարց է, այսինքն՝ դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիաների բացման հարց, որը քննարկվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահած հանձնաժողովում: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանձին հարց է»,- պարզաբանեց Ռուբեն Ռուբինյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահը լրագրողների հարցերին ի պատասխան՝ ներկայացրեց երկու հանգամանք, նախ՝ տեղի է ունեցել հանդիպում, և երկրորդ՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների մամլո հաղորդագրություն է տարածվել, որտեղ ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների:
Անդրադառնալով «Զանգեզուրյան միջանցքին», որի մասին Թուրքիան բարձրաձայնել է, Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին հորդորեց այդ եզրույթը չօգտագործել երկու պատճառով, նախ, որ Զանգեզուր բառ չկա, չնայած այն պատմական հայկական անուն է, բայց այսօր կա Սյունիքի մարզ: Եվ երբեք պայմանավորվածություն չի եղել, որ Հայաստանը պետք է «միջանցք» տրամադրի:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» եզրույթը հիշատակվում է մեկ անգամ, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքին: Այն միայն ճանապարհ չէ, դա տարածք է, որովհետև ունի տարածքային պարամետրեր, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,- եզրափակեց Ռուբեն Ռուբինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում