«Որևէ հետաքրքիր բան չկա, այս ամենին կարող եք վերաբերվել ոչ փիլիսոփայորեն, այլ հումորով». Ռուբեն Միրզախանյանը՝ ոստիկանություն հրավիրվելու մասին
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ոստիկանության կենտրոնական բաժին՝ բացատրություն տալու ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով։ Ծանուցում են ստացել նաև համալսարանի որոշ աշխատակիցներ՝ կրկին ոստիկանություն ներկայանալու և բացատրություն տալու համար։
168.am-ի հետ զրույցում Ռուբեն Միրզախանյանն ասաց, որ անհասկանալի է, թե ինչ գործի շրջանակներում են ինքը և մանկավարժականի մի խումբ աշխատակիցներ հրավիրվել ոստիկանություն։
«Իմ տեղեկություններով, այս ամենի հիմքը հանդիսացել է անանուն մի նամակ, այն ստորագրել է մեկը, որը գոյություն չունի` գոյություն չունեցող հեռախոսահամարով։ Նամակում շարադրված են եղել մի շարք անհեթեթություններ»:
Հարցին՝ անհասկանալի՞ է, թե ի՞նչ գործի շրջանակներում է ծանուցում ստացել, և ինչո՞ւ է անանուն նամակ եղել, Ռուբեն Միրզախանյանը պատասխանեց. «Բացատրություններ տրվել են, վստահ եմ, որ այդ ամենը պարզաբանվել է, և հետագա ընթացք չի ունենալու, իսկ նամակով շարադրված հարցերը անհեթեթություններ են, բոլորին պարզ է, թե ով է այդ խեղկատակության հեղինակը։ Այն մարդիկ կամ մարդը կամ էլ մարդուհին, որ կարծում է՝ ես իրեն հակառակորդ եմ՝ մեծ կարծիք ունի իր մասին։ Ուղղակի ասեմ, որ որևէ հետաքրքիր բան չկա, այս ամենին կարող եք վերաբերվել ոչ փիլիսոփայորեն, այլ հումորով»,- հավելեց Ռուբեն Միրզախանյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ տեղյակ չէ՝ անանուն նամակի հեղինակը հրավիրվե՞լ է ոստիկանություն բացատրություն տալու, թե՞ ոչ.
«Այդ ամենից տեղյակ չեմ, հետաքրքրված չեմ, որովհետև այն հարցերը, որ կան այստեղ, պարզապես աբսուրդ է, ինչ-որ վերագրում են խանութների սեփականություն և այլն՝ աբսուրդ է»։