«Երբ մեր երկիրը նման զուլումի ժամանակաշրջանում է գտնվում, ես եսասիրություն եմ համարում իմ կալանքից խոսելը». Մխիթար Զաքարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, Մեղրիի նախկին համայնքապետ  Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին, փոխվել են նրանց խափանման միջոցները: Երեկ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ դիմավորեցին նրանց գործընկեր՝ խմբակցության պատգամավորները։

Ազատ արձակվելուց հետո, հենց քրեակատարողական հիմնարկի բակում Մխիթար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նախ ասաց, որ առողջական վիճակը նորմալ է, թեև հետո իրեն ուղղված հարցին այսպես պատասխանեց.

«Կնախընտրեի չխոսել առողջական վիճակից, այս ընթացքում մեկ վիրահատություն տարել եմ, շարունակության կարիք կա, բայց նորմալ է։ Կալանքն այնպիսի բան է, որ բոլորն էլ սպասում են այս օրվան՝ ազատ արձակվելուն»։

Ինչ վերաբերում է սահմանին տեղի ունեցող գործողություններին, Մխիթար Զաքարյանն ասաց, որ սահմանային այդ սադրանքներին պետք է դիմակայի ուժեղ պետությունը, կանոնավոր բանակը։

«Որպես նախկին համայնքապետ՝ ես կարող եմ ցավել, բայց ռեալ արդյունք կլինի, եթե մեր բանակը հզորանա, ՊՆ-ն ու ԳՇ-ն իրենց պարտավորությունները կատարեն։ Մենք մեծ հույս ունենք, որ դա իրական կլինի։ Փառք ու պատիվ այն տղաներին, որոնք այս ծանր պայմաններում իրականացնում են իրենց պարտականությունները։ Երբ մեր երկիրը նման զուլումի ժամանակաշրջանում է գտնվում, ես եսասիրություն եմ համարում իմ կալանքից խոսելը, սա պրոցես է, որը կանցնի, մենք ավելի ծանր օրեր ենք ապրել։ Կալանավայրը, իհարկե, առողջարան չէ, բայց ես բլինդաժում էլ եմ ապրել, սովոր ենք այդպիսի կյանքին։ Ես առաջարկում եմ առաջ նայել»,- հավելեց Մխիթար Զաքարյանը։

Մխիթար Զաքարյանը հրաժարվեց պատասխանել իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին հարցին, հորդորելով այդ հարցերով դիմել իր փաստաբանին: Իսկ ինչ վերաբերում է, թե  իր նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է  իրականացվել,  թե՞ ոչ, այս հարցին էլ նախընտրեց չպատասխանել. «թույլ տվեք չխոսել»։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանն  անազատության մեջ  էր գտնվում հուլիսի 13-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համայնքի բյուջեին դրամական վնասներ պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս