Հայաստանը «Տնտեսական ազատության ինդեքս 2013»-ում բարելավել է իր ցուցանիշը
Heritage Foundation հիմնադրամը և Wall Street Journal պարբերականը հրապարակել են «Տնտեսական ազատության ինդեքս 2013» զեկույցը: Զեկույցում ընդգրկված է 177 երկիր: 80-ից ավել միավոր ստացած երկրները ճանաչվել են տնտեսապես «ազատ» երկրներ (Հոնգկոնգ, Սինգապուր, Ավստրալիա), իսկ 70-79.9 միավոր հավաքած երկրները (Կանադա, Չիլի, Մավրիկիոս, ԱՄՆ, Դանիա, Իռլանդիա, Բահրեյն, Էստոնիա, Մեծ Բրիտանիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Գերմանիա, Թայվան) ճանաչվել են «հիմնականում ազատ»:
60-69.9 միավոր ստացածները ճանաչվել են «չափավոր ազատ», 50-59.9 միավոր ստացածները՝ «հիմնականում անազատ», իսկ 50-ից ցածրերը՝ «ճնշված» երկրներ: Հայաստանն իր 69.4 միավորով հանգրվանել է 38-րդ հորիզոնականում՝ «չափավոր ազատ» երկրների թվում: Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է 0.6 միավորով: Հայաստանը եվրոպական 43 երկրների թվում զբաղեցրել է 17-րդ տեղը:
Զեկույցում նշված է, որ իր տնտեսական բազայի դիվերսիֆիկացման շնորհիվ մեծացել է Հայաստանի տնտեսական դինամիզմը, մեկ տասնամյակ շարունակվող տնտեսական ուժեղ աճը հանգեցրել է աղքատության ու գործազրկության կրճատմանը, վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել կառավարության ծախսերի սահմանափակման ուղղությամբ, առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում են մտահոգություն առաջացնել քաղաքական ու գործարար շրջանակների սերտ հարաբերությունները և շահագրգիռ շրջանակների չափազանց մեծ կողմնակի ազդեցությունը:
Հայաստանում «բիզնեսի ազատությունը» գնահատված է 87.6 միավոր, «կառավարական ծախսերը»՝ 82.1 միավոր, «ֆիսկալ ազատությունը»՝ 88 միավոր, «դրամական ազատությունը»՝ 73 միավոր, «աշխատանքի ազատությունը»՝ 77.1 միավոր, «առևտրի ազատությունը»՝ 85.4 միավոր, «ներդրումային ազատությունը»՝ 75 միավոր, «ֆինանսական ազատությունը»՝ 70 միավոր, «կոռուպցիայից ազատությունը»՝ 26 միավոր, իսկ «սեփականության իրավունքը»՝ 30 միավոր:
Հայաստանի հարևաններից Թուրքիան 62.9 միավորով զբաղեցրել է 69-րդ տեղը (0.4 միավորանոց աճ), Ադրբեջանը 59.7 միավորով 88-րդն է (0.8 միավորանոց աճ), Վրաստանի ցուցանիշը կազմել է 72.2 միավոր, որով նա զբաղեցրել է 21-րդ տեղը (2.8 միավորանոց աճ), Իրանն ունի 43.2 միավոր՝ 168-րդ տեղ (0.9 միավորանոց աճ): Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա 51.1 միավորով 139-րդն է (0.6 միավորանոց աճ):