«Հորդոր հաջորդ իշխանությանը». Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հորդոր հաջորդ իշխանությանը
Քանի դեռ ողջ աշխարհում գերիշխում է սուտը…
Եթե ցանկանում եք, որ հետագայում երբե’ք և ոչ մի հարցում ոչ ոք չփորձի մեղադրել ձեզ, ապա
երբեք և ոչ մի դեպքում մի փորձե’ք կարգի բերել երկիրը` բարելավել իրավիճակը:
Մի’ փորձեք
ամրապնդել ու զարգացնել պետությունը, անվտանգությունը, պահպանել ազգային արժեքներն ու ազգային համերաշխությունը, ավելացնել ազգային հարստությունը։
Մի փորձեք ստեղծել ազգային պետություն։
Երբե’ք մի փորձեք զարգացնել տնտեսությունը, բարելավել սոցիալական վիճակը, բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը, ամրացնել և հզորացնել բանակը:
Երբե’ք մի փորձեք ազնիվ լինել հանրության հետ, այլ միայն խաբեք։ Մրոտե’ք և սևացրե’ք անխտիր բոլորին՝ խեղաթյուրեք ողջ պատմությունը, անցյալն ու ներկան։
Անընդհատ և անդադար ստե’ք ու խճճեք մարդկանց ։
Երբե’ք մի եղեք ազնիվ, և կանգ մի առեք կես ճանապարհին, որպեսզի թույլ չտաք, որ ժողովուրդը շունչ քաշի` մտածելու և կշռադատելու հնարավորություն ստանա: «Բարուրում» խեղդե’ք յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, կամ ազնիվ ու անաչառ խոսք, հիմնավոր փաստարկ, նաև պարզապես ձեր մոտեցումներից տարբերվող ցանկացած այլ կարծիք:
Այս ամենն անելուց հետո, հանգիստ խղճով կարող եք`
– խոստումներ տալ, բայց չկատարել,
– ատել մարդկանց, վրեժ լուծել ժողովրդից, բայց հայտարարել, որ սիրում եք,
– ամերուրեք պարտություն գրանցել և խայտառակվել ամբողջ աշխարհի աչքի առաջ, բայց հայտարարել, որ` պատվով եք դուրս եկել,
– խաղաղություն աղերսել թշնամուց և տանուլ տալ, բայց հայտարարել, որ` փրկել եք;
– խարխլել երկրի տնտեսական հիմքերը, բայց հայտարարել, որ` զարգացնում եք տնտեսությունը;
– ավելացնել աղքատությունն ու արտագաղթը, բայց հայտարարել, որ` բարելավել եք սոցիալական վիճակը;
– խզել կապերը Սփյուռքի հետ, պառակտել ազգը, բայց հայտարարել, որ ազգային համերաշխություն եք սերմանել,
և վերջապես՝ քանդել, բայց հայտարարել, որ կառուցում եք;
Եվ ընդհանրապես.
– ասել մեկ բան, անել լրիվ հակառակը, և հայտարարել մեկ այլ բան;
– հայտարարել, արձանագրել, հետո նորից հայտարարել, նորից արձանագրել, և այդպես շարունակ, իսկ իրականում` կործանել երկիրը։
Վարվեք վերը նշված ձևով, հակառակ դեպքում հաջորդ սերունդներն ինչ-որ մի բանի համար անպայման հանիրավի կմեղադրեն ու կքարկոծեն ձեզ»: