Վտանգված է հայ-ռուսական հարաբերությունների ապագան․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Նոյեմբերերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին հաջորդել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Ըստ էության խաղաղության դարաշրջանի լոզունգի տակ եզրագծին է մոտենում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական պահանջատիրության հանգուցալուծումը: Ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի համաձայնագրերի դեպքում էր, այսօր էլ հանրությունից գաղտնի է պահվում ստորագրվելիք հիմնարար փաստաթղթի բովանդակությունը, մինչդեռ ունեցած համազգային նշանակությամբ այն պիտի դրվի լայն քննարկման, հայկական աշխարհը պիտի հստակ հասկանա, թե հռչակվող խաղաղության դարաշրջանն իրականում ինչ գին կարող է ունենալ իր համար, փաստացի ինչ ենք կորցնելու, ինչ արժեքներից ենք հրաժարվելու և ով է հանդիսանալու այդ խաղաղության երաշխավորը:
Մինչ այսօր ընթացող բանակցային գործընթացի հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որն ապագայում ևս փորձելու է իր ծանրակշիռ ազդեցությունն ունենալ ստորագրվելիք պայմանագրի վրա, ինչը միանգամայն բնական է` հաշվի առնելով տարածաշրջանում ու առհասարակ աշխարհաքաղաքական դասավորումներում ունեցած նրա հանգուցային դերը:
Հարյուրամյակներով հայ մարդն իրեն տեսել է Ռուսաստանի հետ համագործակցության պատմամշակութային, ռազմաքաղաքական գործակցության դաշտում` համարելով, որ քրիստոնյա հայ ժողովրդի բնական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը քրիստոնյա ռուս ժողովուրդն է: Պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Հայաստանը մնաց տարածաշրջանում ռուսակա հենակետ, ռազմաբազա ունեցող միակ երկիրը: Պատմական իրողություններով պայմանավորված` հայ մարդը մշտապես կարևորում է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, չափազանց զգայուն է Ռուսաստանի քայլերի, հայկական շահը պաշտպանելու կամ անտեսելու նկատմամբ:
Ցավոք 44-օրյա պատերազմն ու դրա ծանրագույն ելքը մարդկանց մոտ ողջամիտ կասկած են ձևավորել, որ այս ամենը կատարվել է Ռուսաստանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ, որ այն հաջողվել է իրականացնել ռուսական քաղաքական էլիտայում ակնհայտ պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման քաղաքական գործիչների ուժերով: Ակնհայտ է նաև, որ Հայաստանում գերիշխում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական համակրանքը, կա վստահություն, որ վերջինս կարևորում է հայկական շահը և թույլ չի տա այն անտեսել:
Այս զգայուն իրավիճակում եթե Հայաստանի կամազուրկ իշխանություններին պարտադրվի ժողովրդի կամքին հակառակ ստորագրել ոչ հայանպաստ փաստաթուղթ, անդառնալի հարված կհասցվի հայ-ռուսական հարաբերություններին, ժողովուրդի մեջ կամրապնդվի համոզմունքը, որ Ռուսաստանը Հայաստանը դնում է թուրքական զոհասեղանին`անդարձ փակելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների էջը: Արդյունքում կունենանք քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք փոխած Հայաստան, իսկ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ կգծագրվի իսլամական աշխարհի նոր աշխարհագրություն։
Հետևաբար Ռուսաստանը պետք է թույլ չտա, որ ժողովրդի երբեմնի աջակցությունը կորցրած, գերազանցապես հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներով համալրված հայաստանյան իշխանությունն, առանց ժողովրդի դատին ներկայացնելու, Ռուսաստանի պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման գործիչների ճնշման ներքո ի վնաս Հայաստանի ստորագրի որևէ վերջնական փաստաթուղթ»։