Հականիկոլական ուսուցչին մեղադրանք է առաջադրվել
«Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Հակոբ Թելմանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։
Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Հակոբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին։
Գործը դատարան վարույթ է ընդունվել սույն թվականի նոյեմբերի 4-ին։ Դատական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի»։