Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին հոբելյանի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ծննդյան 75-ամյակի առիթով:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու գահակալին ուղղված շնորհավորագրում ասված է.

«Ձերդ Սրբություն, Ձեր ողջ կյանքը, Ձեր հովվապետական ծառայությունը ամբողջապես նվիրել եք աշխարհում Քրիստոսի Եկեղեցու դերի ամրապնդմանը, Սուրբ Ավետարանի անանց ճշմարտությունների բարեհաջող վկայությանը և մարդկանց սրտերում հոգևոր ու բարոյական արժեքների անդադարարմատավորմանը՝ արդի մարտահրավերների հաղթահարման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման գործում հոգևորի առաքելության և կարևորության ամուր գիտակցությամբ: Ձեր հովվական խոսքն ու խրատը մեր օրերում իբրև փարոս է ծառայում կարոտյալների, տկարների և մխիթարություն ու հոգևոր լուսավորություն փնտրող շատերի համար:

Այս նշանակալից օրը գոհունակությամբ ցանկանում ենք հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը մեր Եկեղեցիների միջև սերտ կապերի և գործակցության զարգացման հարցում, ինչն իր հերթին կարևոր ուղերձ է հավատակից մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների համար ողջ աշխարհում: Բարձրորեն գնահատում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ, որի դրսևորումն են նաև Ձեր հոգատարությունն և անխոնջ ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հայոց հոգևոր ժառանգության պահպանման և Դադիվանքի անխաթար գործունեության ապահովման համար»։

Նորին Սրբությունը Կիրիլ Պատրիարքին մաղթել է արևշատ կյանքի երկար տարիներ և Աստծո զորակցությունը հովվապետական ծառայության մեջ՝ հանուն Ռուսաստանի և Ռուս Եկեղեցու պայծառության:

Տեսանյութեր

Լրահոս