«Տղամարդիկ բորբոքված փորձել են դուրս գալ մեքենայից. եթե չհասներ ռուս խաղաղապահը, շատ վատ հետևանքներ էին լինելու». Մետաքսե Հակոբյան

Այսօր առավոտյան Շուշի քաղաքի ներքևի հատվածում գտնվող անցակետի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում որոշ ժամանակով փակվեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետև Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։

Միջադեպի վերաբերյալ 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հետևյալը նշեց.

«Միայն գիտեմ, որ նռնակ նետող տղամարդը ազգակցական կապ չունի Մարտիկ Երեմյանի հետ, թեպետ լրատվականները գրում էին, որ օրերս Շուշիում սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է եղել նռնակ նետողը, այսինքն՝ վրեժ է լուծել: Միգուցե տարօրինակ հնչի, բայց Ստեփանակերտում ոգևորություն կա, և ինչ-որ տեղ սա վրեժի լուծում է հենց այս իշխանություններից, որոնք այս մեկ տարվա ընթացքում կարողացան հայ տղամարդու կերպարը խեղաթյուրել, դարձնել խղճուկ, վախեցող, փախչող, քոչվոր ցեղերի առջև խեղճացող. Այդպիսի կերպար էին ստեղծել, որն իրականությանը չէր համապատասխանում: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հայն ուղղակի համբերատար է, և մինչև այս իշխանությունների հայտնվելն ինքը ուղղակի սովոր է եղել, որ իր անվտանգության երաշխավորը իշխանությունն է, ոչ թե ինքը, և այդ պատճառով երևի մինչև այսօր ուղղակի դեռևս հավատում էր, որ իշխանությունները կարող են լինել անվտանգության երաշխավոր: Հիմա, արդեն, հայի կերպարն է, երբ ինքը կարող է կանգնել ու ինքն իրեն պաշտպանել»:

Միջադեպի մասին տեղեկանալիս՝ պատգամավորի առաջին արձագանքն այն է եղել, որ, ի վերջո, մարդկանց համբերության բաժակը լցվել է.

«Նոյեմբերի 8-ին մենք հասկանում էինք, որ թշնամին ցնծալու է, որովհետև ինքը չհաղթեց, իրեն այդ հաղթանակը նվիրեցին, և պատկերացնո՞ւմ եք՝ այդքան հեշտ գնով ձեռք բերված հաղթանակի մեկ տարին ինչպես պետք է նշվեր: Ինչքան էլ մենք ամուր, մեր ատամները սեղմած դիմացանք այդ հրավառությանը, միջոցառումների նախապատրաստման աշխատանքներին, ուղղակի այդ ամենը տեսնելով, այդ ամենի միջով անցնելով՝ հասկանում ես, որ այս իշխանությունները՝ նվիրելով այդ ամենը, այնքան լկտիացրին այդ քոչվոր ցեղին, որ կարողացան ամսի 8-ին իրենց «ծիսակատարությունը» կատարել՝ զոհ մատուցելով: Մենք առ այսօր չգիտենք՝ ով է այդ մարդասպանը, ինչպես էր կարողացել այդտեղ հասնել, և ինչո՞ւ այդ երիտասարդի և մյուս աշխատողների անվտանգությունը այս իշխանությունները չէին կարողացել ապահովել՝ գիտակցելով, թե ինչ օրով ինչ տարածք են ուղարկում: Եվ այսօր, թեպետ մի փոքր ուշ, բայց հայը գիտակցում է, որ ի դեմս Հայաստանի և Արցախի իշխանությունների՝ չունի անվտանգության երաշխավոր: Եթե չկա, ստիպված ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի և պահի հայրենիքի անվտանգությունը»:

Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ ամենավատ երազում չէր կարող տեսնել այն, ինչի մեջ այսօր ապրում ենք.

«Դարեր շարունակ մենք գիտակցել ենք, որ սա մեր հայրենիքն է, իսկ այսօր հայտնվել են որոշ մարդիկ, որ ասում են՝ ոչ, դա մեր հայրենիքը չէ, ընդամենը ճանապարհ է: Ինչպես նախկինում Արցախի վերաբերյալ էին ասում, որ դա տարածք է, ոչ հայրենիք, հիմա էլ փաստորեն հայրենիքի մի հատվածի անունը դրել են ճանապարհ, բացել են թուրքի առաջ, թույլ են տվել, որ մաքսակետ դնի, և ասում են՝ ինչի՞ց եք նեղվում, կա մեկ այլ ճանապարհ, անցեք մյուս ճանապարհով: Բայց մենք պետք է գիտակցենք, որ իրենք մեր հայրենիքի մի մասը տալիս են, որպեսզի թուրքական աշխարհը միացնեն իրար: Եվ սա արդեն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար»:

Հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն Ադրբեջանին զիջելու արդյունքում Սյունիքն այսօր հումանիտար աղետի առաջ է կանգնած, քանի որ մի շարք գյուղեր կտրվել են ՀՀ-ից. սա չէի՞ն հաշվարկել ՀՀ իշխանությունները, երբ գնում էին հերթական զիջումների, նա պատասխանեց.

«ՀՀ իշխանությունները կարծես թե այլևս հաշվարկներ չեն անում, որովհետև այդ զիջումները ոչ թե փոխադարձ քննարկումների արդյունքում են լինում, այլ նրանց պարտադրվում են, որովհետև այն քայլերը, որ իրենք երեք տարի շարունակ արեցին, այս ամենը դրանց տրամաբանական շարունակությունն է:

Որոշ ժամանակ առաջ իմ հարազատները Կապան այցելության էին գնում և Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս, դեռ մաքսակետը չկար, բայց ադրբեջանցիները կանգնեցրել էին մեքենան, որովհետև տեսել էին, որ դա Արցախի պետհամարանիշներով մեքենա էր, և եթե այդ պահին արագ չհասնեին ռուս խաղաղապահները, չեմ պատկերացնում, թե այդ միջադեպն ինչ ավարտ էր ունենալու: Մեքենայի ներսի տղամարդիկ բորբոքված փորձել էին դուրս գալ մեքենայից, և դա հաստատ շատ վատ հետևանքներ էր ունենալու, եթե այդ պահին չհասներ ռուս խաղաղապահը»:

Պատգամավորը շեշտեց՝ այս աշխատանքները վաղուց են կատարվել.

«Արդեն սահմանազատումն էլ է կատարվել, սահմանագծումն էլ է կատարվել, իրենք ուղղակի մաս-մաս են անում և, ի վերջո, բերելու են հասցնեն այն փաստաթղթի ստորագրմանը, որի մասին մենք բավականին երկար ժամանակ խոսում էինք: Եվ իհարկե, սա ոչ միայն հումանիտար աղետ է, սա բերելու է նրան, որ հայաթափվեն այդ գյուղերը, նաև՝ Կապան քաղաքը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս