«Նման դեպքերը շատ են լինելու, քանի որ մարդիկ իրենց հարազատին կորցնելով՝ տեսնում են, որ սպանող թուրքին պատժելու համար որևէ միջոց չի ձեռնարկվում». Դավիթ Գալստյան
Այսօր առավոտյան Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում տեղի ունեցած միջադեպից հետո մի քանի ժամով փակվել, այնուհետև բացվել է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով միջադեպին՝ ասաց, որ ադրբեջանական կողմը սպանություն է կատարել հայի նկատմամբ, ինչը չի կարելի համեմատել սովորական սպանության հետ։
Հիշեցնենք, որ նոյմեբերի 8-ին խողովակաշարի վրա աշխատող քաղաքացիական անձ Մարտիկ Սարգսյանին սպանած ադրբեջանցին չի ձերբակալվել և մնացել է անպատիժ։
«Նման դեպքերը շատ են լինելու, քանի որ մարդիկ իրենց հարազատին կորցնելով՝ տեսնում են, որ սպանող թուրքը բացահայտված չէ և նրան պատժելու համար որևէ միջոց չի ձեռնարկվում։ Սա բնական է, հարազատին կորցրած մարդը կարող է աֆեկտի տակ լինել և գնալ ցանկացած քայլի»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Ըստ նրա, այսօր ամեն ինչ պետք է անել, որպեսզի նման քայլի դիմած հայը հանկարծ չհայտնվի ոչ հայկական օրենքի առաջ՝ իրավական դաշտում։
«Մեր իշխանությունները ջանք ու եռանդ չպետք է խնայեն, որ մեր հայը հայկական իրավական դաշտից դուրս հայտնվի։ Մենք այս իշխանություններին կստիպենք, որպեսզի թույլ չտան նման բան։
Նաև այս միջադեպը ապացուցում է այն մասին, որ պետք է կարողանանք 100 տոկոսով ոտքի կանգնեցնեք մեր անվտանգությունը։ Ճիշտ է, ռուսներն իրենց խաղաղապահ առաքելությունն իրականացնում են, բայց առաջնահերթ է մեր անվտանգության վերականգնումը»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։
Նշենք, որ զրույցից որոշ ժամանակ հետո Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց, որ Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին։