Նիկոլ Փաշինյան․ կոլլաբորացիոնիստների խունտայի պարագլուխը
Կոլլաբորացիոնիզմը դասական իմաստով բնութագրվում է՝ որպես պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցություն թշնամու հետ ընդդեմ իր երկրի։
Ավելի լայն համատեքստում կոլլաբորացիոնիզմը ոչ միայն պատերազմի ընթացքում, այլ ընդհանրապես համագործակցությունն է թշնամու հետ՝ ի վնաս սեփական երկրի։ Ճիշտ այն, ինչ այսօր, հենց հիմա կատարվում է Հայաստանում։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ամրագրված է Սահմանադրությամբ, այդ տարածքով է մեր պետությունը ճանաչվել միջազգային հանրության կողմից և դարձել ՄԱԿ-ի անդամ։ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում այդ ինքնիշխան տարածքի, այսինքն՝ նաև ՄԱԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Միջազգային հանրությունը լուռ է այդ աղաղակող ոտնձգության առթիվ, ինչի համար գուցե ունի իր պատճառները։
Բայց միջազգային հանրությանն ուղղված ցանկացած մեղադրանք կարող է հակադարձվել փաստարկով, որ Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում սեփական երկրի տարածքային ամբողջականությունը, այլ երկրի ղեկավարի մակարդակով ԲԱՆԱՎՈՐ հայտարարությամբ սահմանադրորեն պաշտպանված այդ տարածքները հռչակում է՝ որպես թշնամու երկրի սեփականություն։
Նիկոլ Փաշինյանը կոլլաբորացիոնիստ է, բայց նա միայնակ չէ։ Կոլլաբորացիոնիստներ են նաև նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները, պետական կառավարման համակարգի աշխատակիցները, իրավապահները, Ազգային անվտանգության ծառայության մարմինները, դատախազությունը, հազարավոր հայ մարդիկ, երկրի նախագահը․․․ բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց լռությամբ և անգործությամբ ապահովում են Նիկոլ Փաշինյանի կոլլաբորացիոնիստական ծրագրի իրագործումը։
Լայն իմաստով, Հայաստանը կառավարվում է կոլլաբորացիոնիստական խունտայի կողմից, որը խունտայի դասական սահմանումից տարբերվում է նրանով, որ դրանում ընդգրկված են ոչ միայն զինվորականներ, այլ նաև քաղաքացիական ծառայողներ։ Բայց բովանդակային առումով դա խունտա է, որը համագործակցում է թշնամական երկրի հետ՝ ի վնաս սեփական պետության։
Այս ամենը տեղի է ունենում հասարակության գրեթե լուռ համաձայնությամբ, քանի որ հասարակության մեծ մասն ատում է կոլլաբորացիոնիզմի դեմ պայքարողներին, ապրում է վերջիններիս ունեցվածքը խլված տեսնելու ցանկությամբ՝ համարելով, որ ավելի լավ է ադրբեջանցիները մաքսակետ տեղադրեն Հայաստանի տարածքում, բայց «նախկինների դղյակները վերադարձվեն ժողովրդին»։ Այսինքն՝ ավելի լայն իմաստով՝ կոլլաբորացիոնիստ է հասարակության մեծ մասը, քանի որ հանցավոր անտարբերությամբ թույլ է տալիս համագործակցությունը թշնամու հետ՝ ի վնաս սեփական պետության։
Ղարաբաղյան հակամարտության ողջ բանակցային ընթացքում Ադրբեջանն առաջին պլան էր մղում տարածքային ամբողջականության սկզբունքը, հայկական կողմը շեշտադրում էր անում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ ոչ միայն «վերականգնվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», այլ նաև խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Կոլլաբորացիոնիստներին պատմության մեջ երբևէ դատում են ամենախիստ օրենքներով։ Եթե, իհարկե, նրանք հասցրած չեն լինում ամբողջությամբ թշնամուն հանձնել պետությունը, որը երբևէ դատելու է նրանց կոլլաբորացիոնիզմի համար։
Հարություն Ավետիսյան