Իրանի նախագահը և խորհրդարանի խոսնակը հայտարարել են երկրում միասնության մասին՝ ի պատասխան Թրամփի մեկնաբանությունների
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել են ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումներին, թե Իրանում «ներքին պայքար» է ընթանում «կոշտ գծի» կողմնակիցների և «չափավորների» միջև։ Այս մասին իրանցի պաշտոնյաները գրառումներ են կատարել X սոցիալական հարթակում։
«Իրանում չկան «կոշտ գծի» կողմնակիցներ կամ «չափավորներ»։ Մենք բոլորս իրանցիներ ենք և հեղափոխականներ։ Ազգի և պետության անսասան միասնությամբ և Գերագույն առաջնորդին հնազանդությամբ մենք ագրեսորին կստիպենք զղջալ», – նշված է ինչպես Փեզեշքիանի, այնպես Ղալիբաֆի առանձին գրառումների մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրել էր, թե Իրանը «մեծ դժվարություններ ունի»՝ հասկանալու, թե «ով է իր առաջնորդը»։
«Նրանք պարզապես չգիտեն։ Պարզապես խելագարություն է ներքին պայքարը, որ ընթանում է մարտադաշտում մեծ պարտություն կրած «կոշտ գծի» կողմնակիցների և «չափավորների» միջև, որոնք այդքան էլ չափավոր չեն, բայց սկսում են հարգանք վայելել», – նշել էր Թրամփը։
Նույն գրառման մեջ նա հավելել էր, որ ամերիկյան ուժերը կշարունակեն վերահսկողության տակ պահել Հորմուզի նեղուցը մինչև իրանական կողմի հետ համաձայնագրի կնքումը։



