Նպատակահարմարությո՞ւն, թե՞ վատ հիշողություններ. հատուցում են ՔԿՀ-ների 162 աշխատակիցներ
Հոկտեմբերի 28-ին Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) գործունեության դադարեցման վերաբերյալ հարցին: Հարցի զեկուցման ընթացքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել էր, թե այս նախագծով 2022թ. կխնայեն 1 մլրդ 200 մլն դրամ, ու թե այս նախագծով կարևոր սկիզբ է դրվում քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Անդրեասյանի խոսքով՝ բեռնաթափվել են ՔԿՀ-ները, ու հիմա 2113 կալանավոր և դատապարտյալ կա երկրում:
«Մենք 280 հաստիքի կրճատում ենք ունենալու, սա, իհարկե, կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ առանձին քաղաքացիների մոտ, բայց նաև մենք այստեղ խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնելու նաև ՔԿՀ-ում: Այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու են այլ ՔԿՀ-ներում աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են պրոբացիայի ծառայություն, սա մի այլ կարևոր ոլորտ է, որը նաև հետագայում էլ բեռնաթափելու է ՔԿՀ-ները, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում: Եվ մենք այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ՝ արդեն պրոֆեսիոնալ, գործող մեր ՔԿՀ աշխատակիցների համար»,- ասել էր Կարեն Անդրեասյանը:
Փաշինյանն էլ օգտվել էր առիթից ու «քաղաքական արձանագրում» արել, թե՝ «այսօր ՀՀ-ում կալանավորված և դատապարտված անձանց պատմական մինիմում է», ապա նշել, որ հենց դրա շնորհիվ է, որ երկու ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցնելու որոշումը կարողանում են կայացնել՝ մոռանալով, որ ըստ ՀՀ Վիճակագրական վարչության տվյալների, որին 168.am-ը անդրադարձել էր դեռ ամռան սկզբին, հանցավորության մակարդակն այսօր ամնաբարձրն է Հայաստանում վերջին 6 տարիների կտրվածքով:
Մեր երկրում հանցագործությունների սարսափելի բարձր մակարդակի և քանակի մասին կվկայի Հայաստանի ցանկացած քաղաքացի, որն ամեն օր ոչ միայն ականատես է լինում տարբեր մանր ու մեծ հանցագործությունների, այլև օրը ցերեկով արյունոտ վենդետաների և մայրաքաղաքի կենտրոնում կրակահերթերի:
Մինչ կանդրադառնանք փակվող ՔԿՀ-ների աշխատակիցների անորոշ կամ, թերևս, իրականում խիստ որոշակի ճակատագրին, հիշեցնենք, որ 168.am-ըդեռևս այս տարվա սեպտեմբերի 20-ին և հոկտեմբերի 6-ին անդրադարձել էր «Կոշ» ՔԿՀ-ի փակման հարցին, երբ ահազանգ էին ստացել Կոշ գյուղի բնակիչներից, որոնց հիմնական զբաղվածությունը հենց այդ քրեակատարողական հիմնարկում է իրացվում: Մարդիկ անհանգիստ ու տագնապած էին՝ ի՞նչ է լինելու իրենց հետ:
Փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ է, այնուամենայնիվ, փակվում Արագածոտնի մարզում գործող այդ ՔԿՀ-ն՝ մենք այն ժամանակ մեջբերումներ էինք կատարել 2019թ. նոյեմբերի 28-ին Կառավարության նիստում հաստատված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագրից, որում քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման փաթեթում «Կոշ» ՔԿՀ-ն ներառված չէր, որքան էլ հիմա լիազոր մարմինը փորձի այդ ծրագրին հղում տալ:
Մանրամասն ներկայացրել էինք, թե ո՞ր օպտիմալացվող հիմնարկի հետ ինչ է նախատեսվում անել:
Պարզելու համար՝ ինչո՞ւ է փակվում «Կոշը», և ի՞նչ է լինելու այդ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ, 168.am-ը հարցեր էր ուղղել Արդարադատության նախարարությանը:
1. Ինչո՞ւ է փակվում ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, եթե նախապես փակման ենթակա հիմնարկների թվում այն չի եղել: Փակման ի՞նչ ժամկետներ են նշվում: Ո՞ւմ է հանձնվելու հիմնարկի շենքը և ի՞նչ նպատակով:
2. Ի՞նչ է լինելու «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցների հետ, ինչպե՞ս է լուծվելու նրանց աշխատանքի տեղավորման հարցը:
3. Եթե նշված ՔԿՀ-ն փակվում է դատապարտյալների թվի պակասի պատճառով, ինչո՞ւ է կրճատվել նրանց քանակը, ի՞նչ պայմանների կամ գործոնների ազդեցությամբ:
Ի պատասխան մեր հարցման՝ նախ շատ երկար շարադրանք էինք ստացել այն մասին, թե ինչ էր նախատեսված անել ռազմավարական ծրագրով, ինչը, ի դեպ, մեր առաջին հրապարակման մեջ մանրամասն ներկայացրել էինք: Կարճ ասած, անգամ մեր գրավոր հարցումից հետո Արդարադատության նախարարությունը թեման ցրել էր:
«Հատկանշական է, որ կատարված ուսումնասիրությունների և առկա հիմնախնդիրների համատեքստում ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվում են աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման պլանի վերանայման ուղղությամբ: Մասնավորապես՝ դիտարկվում է քրեակատարողական հիմնարկների ավելի լայն օպտիմալացման պլան ունենալու հնարավորության հարցը, քան նախատեսված է Ռազմավարությամբ, և, ի թիվս այլնի, դիտարկվում է նաև ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի փակման նպատակահարմարության հարցը»,- նշված էր նախարարությունից ստացված պատասխանի մեջ:
Հավելել էին նաև, որ քննարկումները դեռևս գտնվում են ընթացիկ փուլում, ու հաջորդիվ մեզ խնդրել ընդունել ի գիտություն, որ ցանկացած քրեակատարողական հիմնարկի փակման վերջնական որոշման կայացման հարցում կարևորվում է քրեակատարողական հիմնարկի տեղակայվածությունը, քրեակատարողական հիմնարկի կողմից լուծվող խնդիրների ծավալը, քրեակատարողական հիմնարկի պահպանման նպատակով ծախսվող ռեսուրսների արդյունավետությունն ու հիմնավորվածությունը, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց և քրեակատարողական ծառայողների թվի հարաբերակցությունը:
«Ըստ էության, տնտեսական արդյունավետության համատեքստում վերոնշյալ չափանիշների վերջնական գնահատումից հետո է միայն որոշվում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկը պե՞տք է շարունակի ծավալել իր գործունեությունը, թե՞ ոչ»,- ասել էին Արդարադատության նախարարությունից:
Ի դեպ, Կառավարության նիստում Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ փակվող երկու ՔԿՀ-ներում թվով 280 հաստիքի կրճատում են ունենալու, և խոստացել, որ կրճատման տակ հայտնված աշխատակիցներից 70-ը կտեղափոխվեն այլ հիմնարկներ աշխատանքի, 50-ը` պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը կմնան կադրերի ռեզերվում։
Մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ կրտսեր խմբի աշխատակիցները հատկապես, ովքեր նաև սոցիալական առումով ամենախոցելին են, կմնան գործազուրկ:
Պրոբացիոն ծառայությունն առաձգական մարմին չէ, հնարավոր չէ նաև այլ հիմնարկներում այդքանին տեղավորել, ու նաև կա ճանապարհի, տարածքի ու տեղափոխման անհարմարության խնդիր, և ոչ բոլոր աշխատակիցները կկարողանան, ենթադրենք, իրենց առաջարկվող տարբերակներից օգտվել այդքան չնչին աշխատավարձի պայմաններւմ:
Օրերս մի հարցում էլ «Հրապարակն» էր ուղարկել լիազոր մարմնին՝ փորձելով ճշտել՝ փակվող երկու հիմնարկներում կրտսեր խմբի քանի աշխատող կա, քանիսն են մնալու գործազուրկ, ինչ սկզբունքով են նրանցից անձանց ընտրելու այլ ՔԿՀ-ներում աշխատանքի համար։
Այստեղ պետք է նկատի ունենալ մեկ ուշագրավ հանգամանք. կրտսեր խմբի աշխատողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում, այսինքն՝ նրանք հավելյալ մի քանի ամիս դեռ աշխատավարձ չեն ստանա, նրանց հետագա աշխատանքի տեղավորման հարց չի քննարկվի, ու նրանք միանգամից կկրճատվեն:
Այսինքն, ստացվում է, որ երկու ՔԿՀ-ներում այս պահին, ընդհանուր առմամբ, 162 կրտսեր աշխատող կա, և քանի դեռ նրանք այլ ՔԿՀ-ներում աշխատանքի չեն անցել, իսկ դրա հավանականությունն ըստ էության չնչին է, նրանք մնալու են գործազուրկ։
Քրեակատարողական համակարգի մեր աղբյուրները մեզ տեղեկացրին, որ հավանաբար աշխատակիցների հետագա տեղակայման ու նոր աշխատանքով ապահովելու առաջնային սկզբունքը կլինի այն, թե ով ինչպես է քվեարկել վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում:
Ըստ ամենայնի, Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) նախորդ պետ Արթուր Գոյունյանի օրոք սկսված վհուկների որսը նոր փուլ դուրս կգա, և հատկապես ղեկավարությանը դուր գալու խնդիր ունեցողները կսկսեն նոր կոմպրոմատային արտանետումները: Դե, իսկ կախված դրանից էլ՝ պարզ կլինի՝ կրճատվող աշխատակիցը նոր աշխատանք կունենա՞, թե՞ ոչ:
Վերջերս նաև ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանն էր ուշագրավ միտք հայտնել այն առնչությամբ, թե ովքեր կկրճատվեն ու ինչպես կտեղավորվեն աշխատանքի: Նախ անտեղյակության պատճառով կամ միգուցե թեմային հնչեղություն չտալու ու մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու համար կրկին ասել էր, որ մարդկանց կտեղավորեն կադրերի ռեզերվում ու կվճարեն 4 ամիս, ինչն այդպես չէ, ապա խոստացել էր, որ եթե նոր աշխատանք այդ մարդիկ չգտնեն, հետագայում նրանց կտեղավորեն նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկում աշխատելու: Զավեշտալի է, բայց փաստ, որ Ծառայության երիտասարդ պետը չի պատկերացնում իր հայտարարությունների ողբերգականությունը ու դրանց հետևում մարդկային ճակատագրերի առկայությունը:
Մենք բոլորովին չենք ասում, թե այդ հիմնարկների փակումը նպատակահարմար չէ, մենք խոսում ենք տարբեր տրամաչափերի պաշտոնյաների հակասական հայտարարությունների, նրանց անփույթ ու անտարբեր վերաբերմունքի, մարդկանց ճակատագրերի նկատմամբ զրոյական կարեկցանքի մասին, ինչպես որ եղավ Սփյուռքի նախարարության տասնյակ, ինչպես նաև այլ գերատեսչությունների հարյուրավոր կրճատված աշխատակիցների պարագայում: Ո՞վ է հիմա հիշում նրանց մասին:
Ինչ վերաբերում է իսկապես նպատակահարմարությանը, ապա միայն ժամանակը ցույց կտա՝ «Կոշ» ՔԿՀ-ի փակումն իսկապե՞ս անխուսափելի էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի ուշ երիտասարդական շրջանի վախերի, բարդույթների ու վատ հիշողությունների ու դրանցից վրեժ լուծելու արգասիքը: Չէ՞ որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նշված ՔԿՀ-ի հետ կապված շատ տխուր հիշողություններ ունի նա։