Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը ներկայացվելու է 7 օրը մեկ. ի՞նչ գներ են լաբորատորիաներում
Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն՝ ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխվի և դառնա 7-օրյա»,- ասաց նախարարը:
Հայաստանյան մի քանի լաբորատորիաներից փորձեցինք պարզել, թե ՊՇՌ հետազոտության ի՞նչ գներ են սահմանված, և արդյո՞ք ընդունում են կոլեկտիվ հայտեր, թե՞ ոչ:
«Պրոմ տեստ» լաբորատորիայից հայտնեցին, որ ՊՇՌ թեստն արժե 15․000 դրամ, եթե դիմում է 1-ից մինչև 10 հոգի: Իսկ եթե 10-50 անձ է դիմում, այս դեպքում հետազոտությունն արժե 12․000 դրամ:
Ցիտո բժշկական կենտրոնում ՊՇՌ հետազոտության արժեքը բոլորի համար արժե 8000 դրամ:
Նորմեդ բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ ՊՇՌ թեստը մեկ հոգու համար արժե 8000 դրամ: Իսկ եթե գրանցվում է կանչ ու իրենք են մոտենում, ապա՝ 15․000 դրամ:
Բիոմեդ ախտորոշման լաբորատորիայում ՊՇՌ հետազոտության արժեքը բոլորի համար արժե 8000 դրամ:
Վարդանանց նորարական բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ ՊՇՌ թեստավորումն արժե 9500 դրամ: