Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 33.949 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 949-ով: Դա առավելագույնն է համավարակի ընթացքում, հետեւում է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից։
Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր 2021 թվականի ապրիլի 22-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 29 518 դեպք: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը 24 ժամում կազմել է 165: Ընդամենը համավարակի սկզբից Գերմանիայում ախտահարվել է երկրի 4 672 368 բնակիչ:
Վարակի տարածման յոթնօրյա ինդեքսը (շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը 100 հազար բնակչի հաշվով) կազմում է 154,5:
Մեկ շաբաթ առաջ այն գտնվում էր 130,2-ի մակարդակում: Յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թվը 100 հազար բնակչի հաշվով (կարեւոր ցուցիչ հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների համար) կազմում է 3,62 (մեկ օր առաջ՝ 3,29):
Նոյեմբերի 3-ին ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանը հայտարարել է, որ Գերմանիայում ծայր է առել համավարակի չորրորդ ալիքը, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ «չպատվաստվածների համավարակն է»:
Շպանը գանգատվել է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից: Նա հայտնել է, որ առայժմ սոսկ 2 միլիոն մարդ է Գերմանիայում բուստերային պատվաստում ստացել: Ըստ որում ԳԴՀ-ում (83 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչությամբ) 12 տարեկանից բարձր 16,2 միլիոն մարդ բնավ պատվաստված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: