Բաժիններ՝

Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է ռուսաստանցի ֆիզիկոս Յուրի Հովաննիսյանին

Ֆունդամենտալ գիտությունների բնագավառում նվաճումների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի- Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեեւի անվան միջազգային մրցանակը շնորհվել է ռուսաստանցի գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, հաղորդել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։

Բարձր պարգեւն ակադեմիկոս Հովհաննիսյանին է շնորհվել «ի նշան այն բեկումնային հայտնագործությունների ճանաչման, որոնք ընդլայնում են պարբերական աղյուսակի սահմանները, ինչպես նաեւ գլոբալ մասշտաբով ֆունդամենտալ գիտությունների զարգացման աջակցության գործում նշանակալից ավանդի համար»:

Յուրի Հովհաննիսյանն ատոմի միջուկի փորձարարական ֆիզիկայի, միջուկային ռեակցիաների, սինթեզի հետազոտությունների եւ Մենդելեեւի աղյուսակի նոր տարրերի հատկությունների հետազոտման, լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի եւ տեխնիկայի, նանոտեխնոլոգիաներում արագացված ծանր իոնների օգտագործման բնագավառի մասնագետ է: Նա նոր գիտական ուղղության՝ ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է (Ֆլորովի հետ համատեղ):

Միջուկային ռեակցիաների նոր դասի՝ զանգվածային միջուկների սառը միաձուլման հայտնագործման (1974) հեղինակն է, որը ներկայումս աշխարհի տարբեր լաբորատորիաներում օգտագործվում է նոր տարրերի սինթեսզի համար, հայտնագործել է գերծանր տարրերի սինթեզի ռեակցիաները (1975 – 1978), մասնակցել է Մենդելեեւի աղյուսակի 104-րդ, 105-րդ եւ 106-րդ տարրերի սինթեզի աշխատանքներին:

Հովհաննիսյանի ղեկավարությամբ 2000-ական թվականներին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում հայտնաբերվել են նոր քիմիական տարրեր՝ 113-րդից մինչեւ 118-րդը ներառյալ:

Այդ գյուտերի շնորհիվ հայտնաբերվել է գերծանր միջուկների կայունության բնագավառը: 2016 թվականի նոյեմբերի 28-ին Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը (The International Union of Pure and Applied Chemistry, IUPAC) Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրին տվել է օգանեսոն (սիմվոլը՝ Og ) անունն՝ ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի:

Նա դարձել է երկրորդ գիտնականը, ամերիկացի քիմիկոս Գլեն Սիբորգից հետո, որի անվամբ քիմիական տարր է անանվել կյանքի օրոք: Մրցանակի երկրորդ դափնեկիր է դարձել պրոֆեսոր Վինչենցո Բալցանին (Բոլոնիայի համալսարան, Իտալիա), իտալացի քիմիկոս, իր գիտական գործունեության համար նա պարգեւների է արժանացել տարբեր երկրներում, այդ թվում Եվրոպայի գիտությունների ակադեմիայի Լեոնարդո դա Վինչիի մրցանակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս