Բաժիններ՝

Հայ լրագրողները Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարից վերադարձել են արծաթե մեդալներով

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով Մոլդովայի հավաքականին։

Միջոցառմանը, որն անցկացվել է 2-րդ անգամ, այս տարի մասնակցել են լրագրողական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։ Թիմերը բաժանված էին երկու խմբի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված էին տարբեր խմբերում։

Հայաստանի թիմը Վրաստան էր մեկնել փոքր կազմով, առաջատար խաղացողներից շատերը կորոնավիրուսի կամ վնասվածքի պատճառով չկարողացան մասնակցել մրցաշարին, եւ մեր լրագրողները հանդես եկան առանց փոխարինումների։ Խմբային փուլում մեր հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Օդեսայի թիմի դեմ խաղը, ապա 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանին։ Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 3:2 հաշվով հրաշքով կարողացավ հաղթել խմբի առաջատար Վրաստանի թիմին՝ հաղթանակը պոկելով խաղի վերջին վայրկյաններին։

Կիսաեզրափակիչում հայ լրագրողները մրցեցին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Կիեւի թիմի հետ՝ համառ պայքարում պոկելով հաղթանակը՝ 4:3։ Իսկ ահա եզրափակիչում մեր տղաներին հաջողվեց մոլդովացիներին դիմադրել միայն առաջին խաղակեսում, երկրորդում զգացնել տվեց առանց փոխարինումների խաղը, ֆուտբոլիստների հոգնածությունը եւ մոլդովացիների ավելի կազմի երիտասարդ լինելը, հենց նրանք էլ հերթական անգամ նվաճեցին հաղթողի կոչումը։

Հայաստանի հավաքականի դարպասապահ Վահե Խաչատրյանը արժանացավ մրցաշարի լավագույն դարպասապահի տիտղոսին։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան էր։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը Toto Gaming բուքմեյքերական ընկերությունն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս