Կանաչներից թաքուն

Հրապարակվեցին մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Տարվա երեք/քառորդը (հունվարից սեպտեմբեր) արդեն ամփոփված է: Խոստացված երկնիշ տնտեսական աճի նույնիսկ ակնարկ չկա: Իշխանությունների երբեմնի հպարտություն Տնտեսական ակտիվության ցուցանիշն է անգամ «համեստացել»: Հունվար-սեպտեմբերի կտրվածքով այն ընդամենը 4.4 տոկոս է: Համեմատության համար ասենք, որ անցած տարի -6.6 տոկոս էր, իսկ 2019-ին՝ 7.1:

Մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի համեմատական նկարագրի համար 2019թ. տիպական է դառնում (ճիշտ այնպիսին, ինչպիսին խորհրդային հասարակագիտության համար 1913թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշներն էին, որի հետ անդադար համեմատվում էին): Հիմա արդեն պարզ է, որ ՏԱՑ-ի տեսանկյունից 2019-ն այս տարի անգերազանցելի կմնա: Անգերազանցելի կմնա և համեմատական աճի, և մասամբ նաև ֆինանսական ու բնեղեն ծավալներով: Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում արդյունաբերությունն աճել է 0.7 տոկոսով (անցած տարվա ցուցանիշը 1 տոկոս էր, 2019-ինը՝ հիմա արդեն առասպելական թվացող 9.7 տոկոս): Գյուղատնտեսության ոլորտում, ինչպես միշտ, ինչ-որ բան այն չէ: Այս տարի ոլորտը նախորդի համեմատ կրճատվել է 1.5 տոկոսով:

Ճակատագրապաշտները կասեին՝ «Գյուղնախարարության վերացումը ոլորտի վրա չի գալիս»: Մյուս երկու ոլորտները՝ շինարարությունն ու առևտուրը, աճ են արձանագրել: Բառացիորեն նույնարժեք աճ: Այն այս ոլորտներում 6.4 տոկոս է: Թե ոլորտների աճի ցուցանիշները որքանո՞վ են իրական և որքանո՞վ են գնաճով պայմանավորված՝ մասնագիտական բարդ հաշվարկներով կարելի է պարզել: Հատկապես որ՝ առևտրի ոլորտի «ստուգիչ» ցուցանիշ կարելի է համարել արտաքին առևտուր-ապրանքաշրջանառության ներկրումների տվյալները: Պատճառը նաև այն է, որ ներքին առևտրի ծավալը հաշվարկվում է դրամով, իսկ ներկրումներինը՝ տարադրամով (ԱՄՆ դոլարով՝ բնականաբար): Բայց դրան ստորև կանդրադառնանք:

Հիմա պարզապես նշենք, որ համավարակային պայմաններում աճ արձանագրել է նաև ծառայությունների ոլորտը՝ 5.4 տոկոս: Անցած տարի այս ոլորտը նույն ժամանակահատվածում կրճատվել էր 11.7 տոկոսով: Իսկ լեգենդար դառնող 2019-ի աճի ցուցանիշը 15.5 տոկոս էր: Բայց այս ցուցանիշը չէ, որ խանգարում է ուրախանալ 5.4 տոկոսանոց աճով: Ոլորտի ֆինանսական ծավալները 2019-ի համեմատ չեն վերականգնվել (նվազումը մոտ 120 մլրդ դրամ է՝ առանց գնաճի կորեկցիա-վերահաշվարկի): Իսկ այս տարվա սպառողական գների ինդեքսը պաշտոնապես հայտարարվում է 6.7 տոկոս:

Գնաճն իսկապես նախորդ տարիների համեմատ (2020թ.՝ 0.9 տոկոս, 2019թ.՝ 1.6 տոկոս) կատաղի աճ ունի: Ցավոք, սոցիալ-տնտեսական վիճակի պաշտոնական հրապարակումների մեջ առայժմ չկան ամենասոցիալական հատվածի՝ աշխատավարձերի թվերը: Ինչի՞ հետևանք է այս բացթողումը՝ կարելի է միայն կանխագուշակել: Հավանաբար՝ ճշգրտելու (կամ՝ հարմարեցնելու) խնդիրներ կան: Տնտեսության իրական հատվածի թվերից մնաց միայն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նշելը: Այս այս տարի նվազել է 2.7 տոկոսով:

Հիշեցնենք, որ անցած տարի այստեղ 1.5 տոկոսանոց աճ կար, իսկ 2019-ին կրկին նվազում էր արձանագրվել 2.2 տոկոսի չափով:

Հիմա կարելի է գալ արտաքին առևտրաշրջանառության թվերին: Այն, բացի դրամական հաշվարկից, «ավանդույթի» համաձայն՝ միշտ ներկայացվում է նաև տարադրամով: Մեր երկրի ներքին առևտրաշրջանառության ծավալներին հակառակ՝ կրճատվել են ներմուծումների ծավալները: Այս տարի այն կազմել է մոտ 3 մլրդ 581 մլն դոլար: Այս ցուցանիշը, իհարկե, մեծ է 2020-ին արձանագրվածից (9.4 տոկոսի չափով), բայց մոտ 150 մլն դոլարով պակաս է 2019-ի թվերից: Քանի որ մեր ներմուծումներում էական մասնաբաժին ունի սննդամթերքը, կարելի է համապատասխան եզրահանգումներ անել:

Ենթադրել, օրինակ, որ ավելի էժան (ցածրորակ) ներմուծումներ ենք անում: Բայց սա տխուր թեմա է: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալների մեջ 17.2 տոկոսով աճել է արտահանումը: Արտահանումների աճը տնտեսության ամենադրական բնութագրիչներից է: Ուստի շատ զարմանալի (ու կասկածելի) է, որ մեր ամեն պուճուր առիթով հպարտացող իշխանությունները չեն հպարտանում սույն փաստով: Ոչ միայն չեն հպարտանում, այլև ցուցապաստառներով չեն զարդարել մայրաքաղաքի խաչմերուկները: Գոնե կենտրոնական խաչմերուկները:

Արտահանումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են մոտ 2 մլրդ 413 մլն դոլար (անցած տարի այն 1 մլրդ 828 մլն դոլար էր, իսկ 2019-ին՝ 1 մլրդ 909 մլն դոլար): «Ինչի՞ հաշվին է ավելացել արտահանումը»՝ հարցը պարզ է: Բայց քանի դեռ այն հռետորական հարց չի համարվում, ներկայացնենք մեկ տվյալ: Արտաքին առևտրի տվյալների բազայում դեռևս կան սեպտեմբեր ամսվա թվերը:

Ուստի կբավարարվենք միայն հունվար-օգոստոս ցուցանիշներով: Անցած տարի հունվար-օգոստոսին արտահանվել էր մոտ 391 մլն դոլար արժեքի պղնձի խտանյութ: Սա համավարակային տարվա եզակի ցուցանիշներից է, որ գերազանցում է 2019-ի համապատասխան ժամկետի արժեքը (մոտ 381 մլն դոլար): Իսկ այս տարի պղնձի խտանյութի արտահանումը կազմել է մոտ 556 մլն դոլար:

Այսինքն՝ 9 ամսում արտահանումների ծավալի 150 մլն դոլարանոց աճը (միայն ութ ամսվա տվյալներով) «զիջում» է պղնձի խտանյութի արտահանմանը: Ութ ամսվա աճի պաշտոնական թիվը մոտ 165 մլն դոլար է: Այս ոլորտի աճը, փաստորեն, հանքագործական արդյունաբերության շնորհիվ է: Այս մասին մի պատմեք կանաչներին: Նրանք շատ կնեղսրտեն:

Տեսանյութեր

Լրահոս