«Երբ վերջնական փաստաթուղթը լինի, այդ ժամանակ էլ կկարողանանք գնահատական տալ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի վերաբերյալ». Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ «Հրազդանի» 5-րդ էներգաբլոկն աշխատում է ըստ մրցակցային պայմանների՝ ելնելով միջկառավարական համաձայնագրից, որն ունի օրենքի ուժ, քանի որ վավերացրել է Ազգային ժողովը։

«Այդ համաձայնագրում նշված է, որ՝ եթե  «Հրազդանի» 5-րդ էներգաբլոկն առաջարկում է  մրցունակ գին, ապա հանձնաժողովը դա ընդունում է իր հաշվեկշռում և ներառում սակագինը։ Այս տարի նրանք առաջարկել են իրենց մրցունակ գնին ևս 16 միլիոն, իրենք ուղղակի հաշվեկշռում չեն ներառվել։ Դրա համար էլ այժմ այդ խնդիրներն են քննարկվում միջկառավարական համաձայնագրում։ Երբ վերջնական փաստաթուղթը լինի, այդ ժամանակ էլ կկարողանանք գնահատական տալ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի վերաբերյալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ համապատասխան ընկերություններից հայտեր հանձնաժողովը չի ստացել, ինչը կապված է այն հանգամանքի հետ, թե այդ բարձրացումը երբ է  նախատեսված։

«Էլեկտրանէերգիայի սակագները փետրվարի 1-ով են, գազը վերջին անգամ փոխվել է հուլիսին, և կախված նրանից թե սահմանին գազի ինչ գին կձևավորվի, եթե, օրինակ, բանակցությունների արդյունքում ունենանք նույն գինը, ինչ այսօր, ապա կարծում եմ՝ գազի սակագնի  փոփոխություն առնվազն չենք ունենա»,- հավելեց ՀԾԿՀ նախագահը։

Ըստ նրա, այսօր էլեկտրաէներգիայի ամենականխորոշիչ դերը խաղում է էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը։ Եթե այս տարի տեղի ունեցավ սակագների բարձրացում, դա արդյունքն է  ատոմակայանի կյանքի տևողությունը երկարաձգելու նպատակով կատարված ամենակարևոր աշխատանքների։ Այդ ամենի արդյունքում ատոմակայանը երկար ժամանակ չաշխատեց, որի դեպքում էլ էլեկտրաէներգիայի աշխատանքը փոխարինվեց ջերմային կայանների աշխատանքով, ինչն էլ ավելի թանկ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս