«Նախկինները Մոսկվայից վերադառնում էին ՀՀ–ի ու Արցախի համար անվտանգային ու սոցիալական ավելի մեծ երաշխիքներով․ ինչո՞վ կվերադառնա Փաշինյանը․․․»
Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետություն, որը գոյություն չունիԱյսօր, Մոսկվայում Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարճատև աշխատանքային այցով կհանդիպի ՌԴ նախագահի հետ։
Հետաքրքրական է, արդյո՞ք հանդիպումը հայկական կողմի նախաձեռնությամբ է՝ հաշվի առնելով Հայաստանի գոյության գլխին կախված դամոկլյան սուրը, թե ոչ։ Թերևս, հաշվի առնելով, վերջինիս սիրախաղային ֆիասկոն թուրքական կողմի հետ՝ հանդիպումը բնականաբար նախաձեռնել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը։
Ենթադրելի է, որ քննարկման թեման կլինի ադրբեջանական վերջին սադրանքը Մարտակերտում և Սյունիքի շուրջ եռացող աշխարհաքաղաքական կաթսան։
Հիմա հարց․ Եթե Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի կարողանում ինքնուրույն առաջ մղել Հայաստանի կենսական շահերը, ապա մինչև ու՞ր կարող ենք հասնել իրենց ձեռամբ։
Ռուսական կողմի հանդիպման կազմակերպիչ լինելը, փաստում է նաև այն, որ օրեր առաջ Մոսկվա, փակ հանդիպման էր կանչվել Հայաստանի պաշտպանության նախարարը։ Ստացվում է, որ մեր կենսական գոյության և առհասարակ լինելիության խնդիրներով ակտիվ շահագրգիռ է պաշտոնական Մոսկվան, այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը տարված է էրդողանական հովերով։
Միգուցե գործող վարչախումբը հայտարարի, որ իրենք առհասարակ չեն էլ պատրաստվում զբաղվել նման բարդ հարցերով։ Չէ ո՞ր, ինչպես հայտարարել էին, աշխարհաքաղաքականությամբ չէին զբաղվելու առհասարակ։ Այդ պատճառով էլ, աշխարհաքաղաքականությունը եկել և արդեն տևական ժամանակ ակտիվ զբաղվում է մեզնով։ Իսկ վարչախումբը թուլացել և ստանում է հաճույք, հաշվելով պարտադիր ՊՇՌ թեստավորումներից ակնկալվող օգուտները։
Ինչպես ասում են, արդեն ոզնուն էլ պարզ է, որ Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա էսկալացիան լուրջ մարտահրավեր է դարձել ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ դա զուտ այն բանից հետո, երբ գործող վարչախումբը չկարողացավ պաշտպանել իր սուվերենությունը սեփական հարավային շրջանների և սեփական ավտոմայրուղիների վրա։
Ակնհայտ է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը փորձելով ապահովել մեր անվտանգությունը՝ մեր փոխարեն, ակնկալելու է որևէ զիջում, այն աշխարհաքաղաքական մանևրներում իրացնելու համար։
Այն պարագայում, երբ քննարկվում է այսպես կոչված «3+3» ձևաչափը և դու չես արձագանքում, բնական տպավորություն է ստացվում, որ դու այդքան էլ դեմ չես, որ քո տարածքային ամբողջականության հաշվին լուծվեն Կովկասում Իրանի և Թուրքիայի ներկայության հարցերը։
Հետևաբար ռուսական կողմին մնում է ապահովել միայն հայ ժողովրդի ֆիզիակական անվտանգության խնդիրը։ Արդյունքում, սուվերեն պետությունից վերածվում ենք սեփական ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիներ մուրացող անհասկանալի կազմավորման։
Ինչո՞ւ անհասկանալի կազմավորում, որովհետև ակնառու է, որ մեր շահերը առաջ տանող կենսունակ պետությունը այլևս չունենք։ Ժամանակին, ՆԱԽԿԻՆՆԵՐԸ Մոսկվայից վերադառնում էին ՀՀ–ի ու Արցախի համար անվտանգային ու սոցիալական ավելի մեծ երաշխիքներով, եթե ուզում եք, կարող եք հիշել Սերժ Սարգսյանի իսկանդերները:
Ինչո՞վ կվերադառնա Փաշինյանը․․․
Գուցե ֆիզիկական անվտանգության դիմաց տարածքներ օտարելու առաջարկով, օրինակ՝ տխրահռչակ զանգեզուրյան միջանցքը, ռուսական կողմի ռազմական վերահսկողության ներքո․․․
Իսկ գուցե մե՞նք առաջարկենք Փաշինյանին օտարվել, ենթադրենք իրեն բարեկամ Թուրքիա և սկսենք կրկին արժանապատիվ կետից կառուցել մեր հարաբերությունները դաշնակիցների հետ և իրապես տեր դառնանք մեր բաժին պետությանը»։