Եթե այս անգամ քարտեզներ տանք ու, ասենք, իրենց մոտ պահվող գերիներին վերադարձնեն, իսկ հետո նոր գերիների վերցնեն, հետո ի՞նչ ենք տալու, որպեսզի նրանց ազատենք. ադրբեջանագետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության, նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով բանակցություններ կազմակերպելու հնարավորության մասին:
Վիլնյուսում հոկտեմբերի 4-ին պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ Փաշինյանն ասել է, թե պատրաստ է Հայաստանի ունեցած բոլոր քարտեզները տրամադրել Ադրբեջանին գերիների դիմաց:
«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,- ասել է Փաշինյանը՝ մանրամասնելով, որ խոսքն այն քարտեզների մասին է, «որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»։
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ քարտեզների տրամադրումը հարցի լուծում չէ:
«Ամբողջ հարցն այն է, որ նոր գերիներ կվերցնեն: Ասենք, այս անգամ քարտեզներ տանք, բայց ինչքան զիջումների գնաս՝ նրանց քաղաքականությունն այդ ուղղությամբ ոչ թե կառուցողական կլինի, այլ ապակառուցողական: Եթե այս անգամ քարտեզներ տանք ու, ասենք, իրենց մոտ պահվող գերիներին վերադարձնեն, իսկ հետո նոր գերիների վերցնեն, հետո ի՞նչ ենք տալու, որպեսզի նոր գերիներին ազատենք: Դա ադրբեջանական կողմին ցույց է տալիս այն, որ իրենք գտել են համապատասխան թույլ կողմը, և Հայաստանը հիմա պատրաստ է հանուն նորանոր գերիների էլի զիջումներ անել: Փաստացի մենք արդեն զիջելու բան էլ չունենք այս ուղղությամբ: Եվ եթե անգամ այս ձևով ստանանք մեր գերիներին, սրանով կդրդենք Ադրբեջանին նորանոր մարդկանց գերեվարել և հետո անընդունելի պայմաններ առաջարկել, որպեսզի նրանց ազատեն: Ընդամենը սա է: Դա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ»,- մեզ հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանագետն ընդգծեց՝ պետք է ուղղակի հիշեցնել, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որի 8-րդ կետի համաձայն՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, ինչը մինչ օրս այդ երկիրը չի կատարել:
«Պետք է այդ հայտարարության կետերին անդրադառնալ: Փորձում են ասել, որ զինվորները գնացել են այդտեղ հայտարարությունը ստորագրելուց հետո: Բայց նույն պայմանագրով նախանշված էր, որ այն տարածքները, որտեղից նրանց գերեվարել էին, հայկական հսկողության ներքո պետք է մնային: Հստակ նշված էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին եղել են: Բա ադրբեջանական զորքն ի՞նչ գործ ուներ այդտեղ (Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր), որ զինվորներին գերեվարեց»,- նշեց Գրիգորի Այվազյանը: